Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արթուր Բ.-ի, Մացակ Բ.-ի, Արմեն Բ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Այսպես, Արթուր Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունիսի 23-ին Հարթագյուղ գյուղի կենտրոնական մասում, գյուղապետարանի մոտ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հավաքված գյուղի բնակիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել Արմեն Մ.-ի նկատմամբ որպես զենք օգտագործվող որսորդական հրացանի գործադրմամբ՝ վերջինիս պատճառելով միջին ծանրության վնաս:
Մացակ Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայրների՝ Արմեն և Արթուր Բ.-ների հետ 2012թ. հունիսի 23-ին Հարթագյուղ գյուղի բնակիչների նկատմամբ դիտավորյալ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:
Գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net