Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Արմեն Ս.-ի և Միքայել Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Արմեն Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով կապիտան, անցել է իր լիազորությունների սահմանները և կատարել իշխանազանցություն. բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող սերժանտ Միքայել Ս.-ի նկատմամբ:
Միքայել Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ X զորամասի զինծառայող, կոչումով սերժանտ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ վիճաբանել է կապիտան Արմեն Ս.-ի հետ, բռնություն գործադրել իր նկատմամբ պետ հանդիսացող զինծառայողի նկատմամբ:
Գործով մեղադրյալ Արմեն Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Միքայել Ս.-ից վերցվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net