4 գործ ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն

Ներկայացնում ենք ՀՀ նախագահական ընտրությունների (հետընտրական) ժամանակահատվածում կատարված ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կողմից կատարվող քննությունների վերաբերյալ (19.02.2013 թ. ժամը 08:00-ից 06.03.2013 թ. ժամը 17:00-ի դրությամբ) ոստիկանության տվյալները:

Ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ 06.03.2013 թ. ժամը 17:00-ի դրությամբ քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 76 դեպք, որից 17-ը՝ վերաբերվում են ընտրակաշառքներին, 25-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն, 13-ը` քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 5-ը` ընտրատեղամասում կատարված վիճաբանությանը և սպառնալիքին, 4-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 5-ը` ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, 2-ը` ընտրական հանձնաժողովի աշխատանքներին ու դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն և 5 այլ խախտումներ` կապված ընտրացուցակների անճշտությունների և ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ: Նշված 76 ահազանգերից 42-ը ստացվել է Երևան քաղաքում, իսկ 34-ը` մարզերում:

Հիշյալ 76 դեպքերից 42-ի վերաբերյալ ահազանգեր են ստացվել քաղաքացիներից /լրատվամիջոցներով և հեռախոսակապով/, 29-ը ստացվել են Ր. Հովհաննիսյանի նախընտրական շտաբներից, 5-ը` ՄԻՊ գրասենյակից:

Ստացված ահազանգերով և դեպքերով համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվում են ստուգումներ և նախապատրաստվում են նյութեր:

Նշված 76 դեպքերից 48 նյութով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին և 16 նյութեր եզրակացությամբ շարք են կցվել` թողնվելով անհետևանք, 4 նյութ ուղարկվել է ՀՔԾ, 1 նյութ միացվել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ընտրախախտումների փաստով հարուցված քրեական գործին, 2 նյութ միացվել է ոստիկանության Արարատի քննչական բաժնում ընտրախախտումների փաստով նախապատրաստվող նյութին, 1 նյութ միացվել է ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերին, 1 նյութ միացվել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստված նյութերին, 1 նյութով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն, 2 նյութ գտնվում է ընթացքի մեջ:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել