Անդրիաս Ղուկասյանը վիճարկում է «Ֆլամինգո-Արտ-լողափ» ՍՊԸ-ի իրավունքները դատարանում

Անդրիաս Ղուկասյանը 2002 թվականին հիմնադրել է «Ֆլամինգո-Արտ-լողափ» ՍՊԸ-ն և կառավարել ընկերությունը մինչև 2011 թվականը:

Ներկայումս «Ֆլամինգո-Արտ-լողափ» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի և երրորդ անձ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Սևանի քաղաքապետի 2012թ. հունիսի 29-ի թիվ 258-Ա որոշման 1-ին կետի «Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից» բառերը «Սևանազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից «Ֆլամինգո-Արտլողափ» ՍՊԸ-ի առջև առոչինչ գործարքի անվավերության հետևանքով առաջացած պարտավորությունների ամբողջությամբ կատարման օրվանից» բառերով փոխարինելու պահանջի մասին:

Պարզվում է, 2003թ. մարտի 25-ին «Ֆլամինգո-Արտ-լողափ» ՍՊԸ-ի և Պարկի միջև կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր, համաձայն որի՝ վարձակալի տիրապետմանը և օգտագործմանը տրամադրվել է Սևան-Թերակղզու հատվածում գտնվող 22.000քմ մակերեսով հողամաս։ Պայմանագիրը կնքվել է 10 տարի ժամկետով և ուժի մեջ պետք է մտներ իրավունքի պետական գրանցման պահից։ Պայմանագրի համաձայն՝ «Ֆլամինգո-Արտ-լողափ» ՍՊԸ-ն կատարել է իր բոլոր պարտականությունները. ըստ նախագծի և գործարար ծրագրի՝ կազմակերպել է հանգստի գոտի, վճարել է սահմանված վարձավճարը, ապահովել է բնապահպանության նորմերի պահանջների կատարումը։ Պայմանագիրը կնքման և նոտարական վավերացման օրվանից 30-օրյա ժամկետում պետք է ներկայացվեր ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ իրավունքների պետական գրանցման համար, ինչը, սակայն չի կատարվել, հետևաբար Պայանագիրը ուժի մեջ չի մտել։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ անշարժ գույքի հետ կապված գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, իսկ 302-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության։ Նման գործարքն առոչինչ է։

2011թ. ապրիլի 28-ին ՀՀ կառավարությունը կայացրել է թիվ 527-Ն որոշմումը, որի 1-ին կետով նախատեսել է Պարկի ռեկրեացիոն գոտում 1905 մետր բացարձակ նիշից ցածր ընկած հատվածում Սևանի քաղաքային համայնքի վարչական սահամաններում գտնվող թիվ 1 և թիվ 2 լողափերը տրամադրել հանրային լողափերի կազմակերպման համար։ Թիվ 2 լողափը 2003թ. մարտի 25-ի պայմանագրով Պարկի կողմից Ընկերությանը հանձնված հողամասն է։

Վերոգրյալի արդյունքում, Սևանի քաղաքապետը 2012թ. հունիսի 21-ի թիվ 258-Ա որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ կառավարության կողմից Սևանա լճի ափին՝ թիվ 2 հանրային լողափի հարևանությամբ, Պարկը նախատեսվում է իրականացնել հանրային լողափի տարածքի ընդլայնում, բայց առկա են խոչընդոտներ, այն է՝ տարածքն ապօրինի զբաղեցված է «Ֆլամինգո-Արտլողափ» ՍՊԸ-ի կողմից։ Պարզվել է, որ «Ֆլամինգո-Արտլողափ» ՍՊԸ-ի զբաղեցրած հողամասերը ընդգրկված են Սևան քաղաքի վարչական սահմաններում, նպատակային նշանակությամբ հատուկ պահպանվող տարածքների հողերից բնապահպանական նշանակության պետական սեփականություն հանդիսացող հողերեն, և անհատույց մշտական օգտագործման իրավունքով հատկացված են Պարկին։

258-Ա որոշման 1-ին կետով՝ «Ֆլամինգո-Արտլողափ» ՍՊԸ-ի տնօրենին առաջարկել է որոշման ուժի մեջ մտնելու օրավանից յոթն օրյա ժամկետում ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ գոտում գտնվող 2.2 հեկտար հողամասի վրա գտնվող շինությունները, ազատել հողամասը և այն վերադարձնել Պարկի օգտագործմանը։ Սակայն «Ֆլամինգո-Արտլողափ» ՍՊԸ-ն գտնում է, որ որոշման 1-ին կետով խախտվում են իր իրավունքները, քանի որ Պարկը պարտավոր է իրեն տրամադրել հատուցում առոչինչ գործարքի հետևանքով կրած ծախսերի դիմաց, հետևաբար որոշման այդ կետը պետք է փոփոխել այնպես, որպեսզի ապահովվի Պարկի կողմից իր պարտականության կատարելը, որից հետո միայն Ընկերությունը կկատարի 2.2 հեկտար հողմասի վրա գտնվող շինությունների ապամոնտաժման, հողամասը ազատելու և այն Պարկին վերադարձնելու վերաբերյալ 1-ին կետի պահանջը։

«Ֆլամինգո-Արտլողափ» ՍՊԸ-ն 2012թ. հուլիսի 20-ին դիմել է վարչական դատարան:

Դատարանն արձանագրում է, որ 2003թ. մարտի 25-ին «Ֆլամինգո-Արտ-լողափ» ՍՊԸ-ի և Պարկի միջև կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիրն առոչինչ է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չի կատարվել: Այսինքն՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքերի վերացումը չի կարող պայմանավորվել որոշման 1-ի կետը հայցվոր կողմի առաջարկած խմբագրությամբ փոփոխումով, քանի որ 2.2 հեկտար հողամասի վրայի շինությունների ապամոնտաժումով, տարածքի ազատումով և այն Պարկին վերադարձնելով չեն կարող խախտվել ՍՊԸ-ի այն իրավունքները, որոնք օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կհաստատվեն և կպարտավորեցվի Պարկին՝ որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանքների վերացում՝ համապատասխան հատուցում տրամադրել Ընկերությանը։

Հիմք ընդունելով վերոգրյալը, ՀՀ Վարչական դատարանը «Ֆլամինգո-Արտլողափ» ՍՊԸ-ի հայցը՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի և երրորդ անձ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2012թ.-ի սեպտեմբերի 19-ի վճռով մերժել է:

Սույն գործով «Ֆլամինգո-Արտլողափ» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ բողոքի կապակցությամբ դատարանն արձանագրել է, որ Սևանի քաղաքապետի 2012թ. հունիսի 29-ի թիվ 258-Ա որոշման կատարման համար սահմանված՝ ժամկետի հաշվարկման սկիզբը որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սահմանելու վերաբերյալ դրույթը չի հակասում օրենքին և փոփոխելու հիմք առկա չէ: Ուստի որոշել է վերաքննիչ բողոքը մերժել՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2012թ.-ի սեպտեմբերի 19-ի թիվ ՎԴ2/0303/05/12 վարչական գործով կայացրած վճիռը թողնել անփոփոխ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել