Երևանի քաղաքապետարանի 400.000 դրամի հայցապահանջը չբավարարվեց

Երևանի քաղաքապետարանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Թ.Մնացականյանի` 400.000 դրամ վարչական տուգանքի գումարը բռնագանձելու նպատակով վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին։

Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի աշխատակցի կողմից 18.05.2010թ. կազմված թիվ 001782 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` Թ.Մնացականյանի կողմից` Որմնադիրների 1-ին շարքի հ.16 հասցեի դիմաց` պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա, ինքնակամ իրականացվել է ավտոտնակի կառուցման շինարարական աշխատանքներ։

Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 09.06.2010թ. հ. Վ-21/9 արձանագրության հիման վրա ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի, 154-րդ հոդվածի 1-ին մասի, 219.1-րդ, 281-րդ, 282-րդ հոդվածներին համապատասխան Երևանի քաղաքապետի կողմից 09.06.2010թ. կայացվել է վարչական իրավախախտման գործի վերաբերյալ հ. Վ-21/9 որոշումը, որով Թ.Մնացականյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության 400.000 ՀՀ դրամի չափով։

Դատաքննության ընթացքում դատարանը գտավ է, որ կատարված իրավախախտման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած ապացույցներով չի հիմնավորվում Թ.Մնացականյանի կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստը, մասնավորապես, դրանց հետազոտման արդյունքում պարզ չի դառնում, թե երբ և ում կողմից են կատարվել ավտոտնակի կառուցման շինարարական աշխատանքները։

Վարչական գործի փաստական հանգամանքների համադրման արդյունքում դատարանը գտավ, որ Երևանի քաղաքապետի 09.06.2010 թվականի թիվ Վ-21/9 որոշումն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ, 55-րդ, 57-րդ հոդվածների պահանջների խախտմամբ, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի սխալ կիրառման արդյունքում, հետևաբար նշված օրենքների խախտմամբ ընդունված վարչական ակտն ընդունելու պահից անվավեր` ոչ իրավաչափ վարչական ակտ է, ուստի հակընդդեմ հայցվորի պահանջը հիմնավոր է և ենթակա բավարարման։

Դատարանը վճռեց Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Թ.Մնացականյանի` 400.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին, մերժել։ Թ.Մնացականյանի հակընդդեմ հայցը բավարարելև վերացնել Երևանի քաղաքապետի 09.06.2010 թվականի թիվ Վ-21/9 որոշումը:

Երևանի քաղաքապետարանը սույն գործը ներկայումս վիճարկում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել