Քանդման թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է սեփականատիրոջ կամ նրա կողմից սահմանված կարգով լիազորված անձի` շենքերն ու շինությունները քանդելու իրավունքը:
Քանդման թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Եթե նոր կառուցվող օբյեկտի շինարարությունը հնարավոր չէ առանց նույն վայրում գտնվող շենքի (շենքերի) և(կամ) շինության (շինությունների) քանդման, ապա սահմանված կարգով տրված շինարարության թույլտվությունը՝ համապատասխան նշումով, հանդիսանում է նաև քանդման թույլտվություն:
Եթե կառուցապատվող հողամասի ճարտարագիտական ուսումնասիրություններն առանց քանդման անհնարին են, ապա քանդման թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ միաժամանակ՝ մինչև շինարարության թույլտվություն ստանալը:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման դեպքում շինարարության (քանդման) թույլտվությունը և դրանով սահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով:
Շինարարության (քանդման) թույլտվություն կարելի է ստանալ նաև էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային համակարգի միջոցով շինարարության (քանդման) թույլտվություն ստանալու համար կառուցապատողը գրանցվում է իրավասու մարմնի «Էլեկտրոնային ընդունարանի» վեբ կայքում ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման փուլում ստացված գրանցման համարով կամ, դրա բացակայության դեպքում, ստանում նոր գրանցման համար և իրավասու մարմին ներկայացնում էլեկտրոնային ձևաթղթով լրացված և իր էլեկտրոնային ստորագրությամբ վավերացրած դիմումը կամ ստորագրված դիմումի տեսաներածված պատճենը՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերի տեսաներածված օրինակները:
Աղբյուրը` Իրավաբան.net