Պարետի 74-րդ որոշման մեջ նշվում է, որ հանրային բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է, իսկ փակ տարածքներում կրումն է պարտադիր։
Այսինքն` քաղաքացին իր մոտ մշտապես պետք է դիմակ ունենա, սակայն բաց տարածքում այն կրելը պարտադիր չի լինելու: Եվ քանի որ քաղաքացին բաց տարածքից կարող է մտնել փակ տարածք` վերջինս իր մոտ մշտապես պետք է ունենա դիմակ:
Արգելվում է սպասարկման գրասենյակներ հաճախորդների մուտքն առանց պաշտպանիչ դիմակների:
Քաղաքացիների հետ շփում ունեցող աշխատակիցները պետք է ապահովվեն բժշկական պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով և ախտահանիչ նյութերով:
Դիմակները պետք է փոխվեն 3-4 ժամը մեկ:
Աշխատատեղերը պետք է կահավորվեն փակվող աղբամաններով՝ առնվազն 1 աղբաման 2 աշխատողի հաշվով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ պարագաները նետելու համար:
Առողջապահության նախարարի ապրիլի 27-ի հրամանով հաստատվել է «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված` բժշկական կազմակերպություններում N95 դիմակների օգտագործման կարգի և դրանց կիրառման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների վերաբերյալ մեթոդական ուղեցույցը»։
Հրամանում նշվում է, որ դիմակները կրկնակի կարող են օգտագործվել միայն նույն անձի կողմից: Ելնելով դիմակի անվտանգության պահպանման նկատառումից՝ խորհուրդ է տրվում առավելագույնը 5 անգամ կրկնակի օգտագործում: Ձեռնոցների և մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում: