Երևանի ավագանու անդամ Աննա Ջավախյանը մանկապարտեզների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Քանի որ տեսնում եմ, որ մանկապարտեզների բացվելու հետ կապված ծնողները 2 բանակի են բաժանվել և մի տեսակ հակամարտության մեջ մտել, ցանկանում եմ հանդարտության, հանդուրժողականության հորդորով հանդես գալ։
Յուրաքանչյուրն ունի իր կարծիքի իրավունքը, այդ կարծիքը խնդրում եմ հարգալից ձևակերպել, ոչ ոքի չվիրավորել։ Ուզում եմ շեշտել, որ ոչ ոք չի կարող ձեզ պարտադրել երեխային տանել մանկապարտեզ։ Եթե տանը մենակ չէ ձեր երեխան, խնամող կա, ոչ ոք չի ստիպում ձեզ երեխային պարտեզ տանել, չեմ հասկանում պահանջը՝ փակ պահել մանկապարտեզները, երբ դուք էդ մանկապարտեզի կարօքը չունեք։ Իսկ աշխատող մայրը, ով չունի երեխային խնամող, ի՞նչ անի։ Միգուցե ինքը երջանիկ էլ կլիներ չաշխատել ու երեխային տանը պահել, բայց աշխատանքը կորցնել չի կարող, որովհետեւ որոշակի ֆինանսական հարցերի համար պատասխանատու է ընտանիքում։ Ինչու՞ են ոմանք իրենց իրավունք վերապահում պիտակավորել աշխատող մայրերին կամ համարում են, թե իրենք ավելի լավ մայր են, միայն որովհետև երեխային կարող են այս շրջանում չտանել մանկապարտեզ։ Ճիշտ չեք, ժողովուրդ ջան, մի եղեք այդքան անհանդուրժող։ Ես համոզված եմ, մանկապարտեզ չտանելով էլ՝ փակի տակ չեք պահում ձեր երեխաներին, հայրիկն էլ երբ աշխատանքից տուն է վերադառնում, չեք արգելում նրան որդուն կամ դստերը գրկել համբուրել, մինչդեռ դա վարակվելու ամենաուղիղ ձևն է։ Մի քիչ այլոց մասին էլ մտածեք այն բանից առաջ, երբ կմեղադրեք վատ ծնող լինելու մեջ, ով չի մտածում իր երեխայի մասին և մանկապարտեզ է տանում նրան»,-նշել է նա։