Հոր և երեխայի հանդիպումներին մոր մասնակցությունը պարտադի՞ր է

Անչափահաս Արսեն Գասպարյանի ծնողները` Սուրեն Գասպարյանը և Ագնեսսա Մարտիրոսյանը գտնվել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ և անախորժությունների արդյունքում առանձնացել են: Անչափահաս երեխան բնակվում է մոր հետ:

Երեխան կապված է ծնողների հետ, նրանց և երեխայի միջև գոյություն ունեն լավ հարաբերություններ:

Հայրը դիմել է դատարան` խնդրելով երեխայի հետ սահմանել տեսակցության կարգ:
Դատարանը վճռում նշել է, որ երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելիս պետք է հաշվի առնել երեխայի տարիքը, կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի հետ, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը:

Ինչ վերաբերում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկված ժամերին և ներկայացուցչի` դատաքննությամբ ներկայացված առաջարկին` տեսակցությունը մոր ներկայությամբ սահմանելու վերաբերյալ, ապա դատարանը գտնում է, որ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը պարտադիր կիրառման ենթակա չէ, այն կրում է խորհրդատվական բնույթ, և դատարանի համար կողմնորոշիչ դեր է կատարում:

Երեխայի մայրը` գործով պատասխանողը, ևս պնդել է, որ տեսակցություններն անցկացվեն իր ներկայությամբ:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ։ Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան: Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը։ Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը։ Ծնողական իրավունքներն ի վնաս երեխաների իրավունքների և շահերի իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Դատարանը, հաշվի առնելով, որ պատասխանողի կողմից որևէ գրավոր ապացույց չի ներկայացվել այն մասին, որ հոր և երեխայի շփումը վնաս է պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը, նաև հաշվի առնելով երեխայի կապվածությունը հոր հետ, ինչպես նաև հայցվորի ընտանեկան և բնակարանային պայմանները, գտնում է, որ պատասխանողի պնդումը` իր ներկայությամբ տեսակցություն սահմանելու վերաբերյալ, անհիմն է, ուստի երեխայի և հոր շփումն առանց մոր մասնակցության դատարանը հնարավոր է համարել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել