Չափահաս գործունակ քաղաքացու խնդրանքով, որը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները, նրա նկատմամբ կարող է սահմանվել պատրոնաժ:
Պատրոնաժ սահմանելը չի հանգեցնում քաղաքացու իրավունքների սահմանափակման:
Խնամակալության և հոգաբարձության մարմինը չափահաս գործունակ քաղաքացու պատրոն (օգնական) նշանակում է տվյալ քաղաքացու համաձայնությամբ:
Չափահաս գործունակ քաղաքացու գույքը տնօրինում է պատրոնը (օգնականը)` քաղաքացու հետ կնքված հանձնարարության կամ հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա: Քաղաքացու ապրուստի ու նրա կենցաղային կարիքների բավարարմանն ուղղված կենցաղային և այլ գործարքները պատրոնը (օգնականը) կնքում է քաղաքացու համաձայնությամբ:
Չափահաս գործունակ քաղաքացու նկատմամբ սահմանված պատրոնաժը դադարում է պատրոնաժի ներքո գտնվող քաղաքացու պահանջով:
Պատրոնաժի ներքո գտնվող քաղաքացու պատրոնը (օգնականը) իր պարտականությունների կատարումից ազատվում է ստորև նշված դեպքերում:
Խնամարկյալին համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նման այլ հաստատությունում տեղավորելիս` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտականությունների կատարումից ազատում է նախկինում նշանակված խնամակալին կամ հոգաբարձուին, եթե դա չի հակասում խնամարկյալի շահերին:
Հարգելի պատճառների (հիվանդություն, գույքային դրության փոփոխություն, խնամարկյալի հետ փոխադարձ ըմբռնման բացակայություն և այլն) առկայության դեպքում խնամակալը կամ հոգաբարձուն իր խնդրանքով կարող է ազատվել պարտականությունների կատարումից:
Խնամակալի կամ հոգաբարձուի կողմից իր պարտականությունները անպատշաճ կատարելու` ներառյալ խնամակալությունը կամ հոգաբարձությունը շահադիտական նպատակներով օգտագործելու կամ խնամարկյալին առանց հսկողության և անհրաժեշտ օգնության թողնելու դեպքերում, խնամակալության ու հոգաբարձության մարմինը կարող է խնամակալին կամ հոգաբարձուին ազատել այդ պարտականությունների կատարումից և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նրան` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար:
Աղբյուրը՝ Իրավաբան.net