Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Խաչի Ի.-ն:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ նոյեմբերի 7-ին` ժամը 14:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի 2-րդ փողոցի 6-րդ հասցեում գտնվող իրենց տանը, կենցաղային հարցերի շուրջ, վիճաբանության մեջ է մտել իր որդու ` Գրիգոր Ի.-ի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Գրիգորի կրծքավանդակի առաջնային պատին` առաջացնելով կտրած-ծակած թափանցող վնասվածք` սրտի վնասումով, սրտի տանպոնադայով և երկկողմանի հեմոպնևմոթորաքսով, որով Գրիգոր Ի.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս ` որպես կյանքին վտանգ սպառնացող: Այսինքն, Խաչիկը կատարել է հանցագործություն` նախատեսված ՀՀ Քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասով:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իսկ համաձայն ՀՀ քքրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net