Նախկին կինն ու երեխաները հանվեցին բնակարանի հաշվառումից

Ժիրայր և Նորայր Վարդանյանները հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ Անահիտ Ավետիսյանի, Վեներա և Մերի Վարդանյանների /երրորդ անձ` Երևանի քաղաքապետարան/` հայտնելով, որ իրենք հայր և որդի են, պատասխանողներից Անահիտ Ավետիսյանը իրենցից Նորայր Վարդանյանի նախկին կինն է, իսկ Մերի և Վեներա Վարդանյանները` երեխաները։ Իրենցից Ժիրայր Վարդանյանը հանդիսանում է Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 28ա շենքի թիվ 28 բնակարանի վարձակալ։

Նորայր Վարդանյանը և Անահիտ Ավետիսյանն ամուսնալուծվել են, նրանց միջև լուծվել է նաև բնակտարածության օգտագործման հարցը։ Մասնավորապես, Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 30.11.2007թ. թիվ 2-1654 վճռով դատարանը վճռել է Անահիտ Ավետիսյանին, Վեներա և Մերի Վարդանյաններին բնակեցնել Մանթաշյան փողոցի 28ա շենքի թիվ 28 բնակարանում։ Անահիտ Ավետիսյանի դիմումի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից 19.12.2007թ. հարուցվել է թիվ 01/08-340/07 կատարողական վարույթը` Անահիտ Ավետիսյանին, Վեներա և Մերի Վարդանյաններին Երևանի Մանթաշյան փողոցի 28ա շենքի թիվ 28 բնակարանում բնակեցնելու մասին։

Վճռի կատարման փուլում պատասխանողների և Ժիրայր Վարդանյանի միջև կնքվել է հաշտության համաձայնություն, ըստ որի` իրենցից Ժիրայր Վարդանյանը պարտավորվել է պատասխանողների համար Երևանի վարչական տարածքի սահմաններում գնել բնակարան կամ տուն, ինչից հետո պատասխանողները պետք է հրաժարվեն Մանթաշյան 28ա շենքի թիվ 28 բնակարանի նկատմամբ ունեցած բնակօգտագործման իրավունքից և անմիջապես դուրս կգրվեն հաշվառումից, կամ էլ բնակարանը կվաճառվի և վաճառքից ստացված գումարը կբաշխվի կողմերի միջև հավասարաչափ։

Ըստ նշված համաձայնագրի` իրենց կողմից 2008թ. պատասխանողների համար գնվել է Երևան քաղաքի Նոր-Խարբերդ 22-րդ փողոցի թիվ 122/19 անշարժ գույքը։ Նշված հասցեում բնակություն հաստատելուց հետո պատասխանողները դիմել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն` հարուցված կատարողական վարույթը կարճելու մասին։ Նշված դիմումի հիման վրա 18.07.2008թ. ԴԱՀԿ ծառայության կողմից որոշում է կայացվել կարճել թիվ 01/08/-43/08 կատարողական վարույթը։

Չնայած իրենք կատարել են հաշտության համաձայնությամբ նախատեսված իրենց պարտավորությունը` պատասխանողներն առայսօր շարունակում են հաշվառված մնալ վիճելի բնակարանում և միտումնավոր խուսափում են գնված բնակարանն իրենց անվամբ որպես սեփականություն ընդունելուց` այդ կերպ խուսափելով հաշտության համաձայնությամբ իրենց ստանձնած պարտավորության կատարումից։
Գնահատելով գործի ապացույցները` դատարանը գտել է, որ ներկայացված հայցային պահանջը լիովին հիմնավորված է և ենթակա բավարարման հետևյալ փաստարկմամբ.
Այսպես` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) oգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իuկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։
Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաu պատճառելու հետևանքով և uույն oրենuգրքում նշված այլ հիմքերից։

Ըստ նույն օրենսգրքի 347 հոդվածի` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, oրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատաuխան, իuկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության uովորույթներին կամ uովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատաuխան։

Վիճահարույց պարագայում` հաշվի առնելով, որ դատական ակտի հարկադիր կատարման ընթացքում կողմերի միջև կնքվել է հաշտության համաձայնություն, որով հայցվորները պարտավորվել են պատասխանողների համար ձեռք բերել բնակարան, ինչի փոխարեն վերջիններս պարտավորվել են դուրս գրվել Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 28ա շենթի թիվ 28 բնակարանի հաշվառումից, որ Ժիրայր և Նորայր Վարդանյանները գնել են մեկ այլ բնակարան, որտեղ արդեն երկար ժամանակ է, ինչ բնակվում են պատասխանողներ Անահիտ Ավետիսյանը, Մերի և Վեներա Վարդանյանները, սակայն վերջիններս խուսափում են հաշտության համաձայնությամբ իրենց ստանձնած պարտավորությունը կատարելուց և մինչև օրս դուրս չեն գրվել վերը նշված բնակարանի հաշվառումից:

Դատարանը հայցը բավարարել է:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել