Արդեն մի քանի օր է միջազգային ԶԼՄ-ները գրում են, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Ձոնգ Ընը (Կիմ Չեն Ըն) կամ ծանր հիվանդ է, կամ արդեն մահացել է։ Սակայն հարց է, թե այդ դեպքում ով կդառնա Հյուսիսայի Կորեայի հաջորդ առաջնորդը։
Պատմական էքսկուրս կատարենք և հիշենք, թե ինչպես Կիմ Ձոնգ Ընը ընտրվեց առաջնորդ։
Հյուսիսային Կորեան աշխարհի վերջին կոմունիստական պետություններից է։ Երկիրը դե ֆակտո «գերագույն առաջնորդ» ունի, որը պետք է զբաղեցնի մի քանի բարձր պաշտոններ կոմունիստական կուսակցությունում (Կորեայի բանվորական կուսակցություն), բանակում և պետական ուրիշ մարմիններում։ Գերագույն առաջնորդի պաշտոնը ժառանգական է։ Նախորդ առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի ժառանգորդության գործընթացը մոտ քսան տարի տևեց։ Այդ ընթացքում նա նախապատրաստվում էր իր հոր, Կիմ Իր Սենի կողմից (հավանաբար 1976 թվականից մինչև 1994 թ.) ու զանազան պաշտոններ էր ստանձնել (1980 – 1997 թթ.)։ Իսկ Կիմ Ձոնգ Ընը (Կիմ Չեն Ըն) միայն իր հոր վերջին տարիներին է ընտրվել և ընդամենը 2 տարի տևեց նրա նախապատրաստությունը։
Նրա հայրը սկզբից Կիմ Ձոնգ Նամին (իր ավագ որդուն) էր ընտրել որպես ժառանգորդ։ Սակայն նա 2001 թվականին Ճապոնիայի սահմանապահների կողմից ձերբակալվել էր կեղծ անձնագրի պատճառով։ Թեև քիչ անց ազատվել էր, սակայն Կիմ Ջոնգ Իլը փոխեց իր պլանները և իր միջնեկ որդի Կիմ Ձոնգ Չուլին ընտրեց որպես ժառանգորդ։ Բայց ըստ Կիմ Ձոնգ Իլի նախկին խոհարար Կենջի Ֆուջիմոտոյի, հայրը Կիմ Ձոնգ Չուլըին չափազանց «աղջկաբարո» էր համարում երկիրը ղեկավար դարձնելու համար։
2008 թ. օգոստոսին ու կրկին նոյեմբերին, ըստ հետախուզական տեղեկությունների, Կիմ Ձոնգ Իլը ուղեղի կաթված է ստացել։ Հետագայում պետական տոնակատարություններին ավելի հազվադեպ էր երևում։ Ըստ դիվանագիտական աղբյուրների, 2009 թվականին Կիմ Ջոնգ Իլը Կիմ Ջոնգ Ունին ներկայացրեց երկրի պետական մարմիններին, որպես հաջորդ։ Կիմ Ձոնգ Իլի երրորդ որդին ներկայացվում էր որպես «Ճաճանչավառ Ընկեր» (영명한 동지, Յոնգմյոնգհան Տոնգջի)։
2010 թ. սեպտեմբերի 28-ին գումարվեց Հյուսիսային Կորեայի կոմունիստական կուսակցության խորհրդաժողովը և Կիմ Ձոնգ Ընը (Կիմ Չեն Ըն) ընտրվեց Կենտրոնական Կոմիտեի անդամ։ 2010 թ. հոկտեմբերի 10-ին Կիմ Ձոնգ Ընը իր հոր հետ մասնակցեց կոմկուսի 65-ամյակի տոնակատարությանը, ինչը ժառանգորդության միանշանակ արտահայտություն էր համարվում։
2011 թվականին Կիմ Ձոնգ Ընը ուղեկցում էր իր հորը երկրի տարբեր վայրերում անցկացվող պաշտոնական այցերին։
Սակայն լրատվամիջոցների հաղորդմամբ, Կիմ Ձոնգ Ընի մահվան դեպքում առաջնորդի հաջորդ ամենահավանական թեկնածուն նրա քույրն է։ Կիմ Յե Ձոնգը ավագ եղբոր ամենամոտ օգնականներից մեկն է: Այսպիսով, նա Կիմի ընտանիքի միակ անդամն է, որը ամենամոտն է իխանությանը:
Չնայած նրան, որ նա դարձել է իշխող ընտանիքի առաջին անդամը, որը այցելել է Սեուլ (Հարավային Կորեա) և ուղեկցել Կիմ Ձոնգ Ընին իր գագաթնաժողովներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ծզինպինի հետ, նա նաև կարողացել է Կիմ Ձոնգ Ընին համոզել դադարել ծխել։ Այս մասին հայտնում է TSN.ru-ն։
Անհասկանալի է, արդյոք Հյուսիսային Կորեայի հայրապետական վերնախավը կաջակցի համեմատաբար երիտասարդ կնոջը՝ երկրի հաջորդ «գերագույն առաջնորդ»-ի պաշտոնում, թե ՝ ոչ: