Բազմիցս խոսել ենք վարորդի իրավունքների և հատկապես պարտականությունների մասին: Սակայն գիտենք, որ որոշակի պարտականություններ ունեն նաև ուղևորները:
Եվ այսպես` ուղևորը պարտավոր է՝
ա) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս ամրակապված լինել դրանցով, իսկ մոտոցիկլերով կամ այլ մոտոտրանսպորտային միջոցներով երթևեկելիս՝ կոճկված սաղավարտով.
բ) տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո նստել և իջնել միայն մայթի կամ կողնակի կողմից, իսկ եթե դա անհնար է՝ երթևեկելի մասի կողմից, պայմանով, որ այն կկատարվի անվտանգ և խոչընդոտ չի ստեղծի երթևեկության մյուս մասնակիցների համար:
Ուղևորին արգելվում է՝
ա) վարորդի ուշադրությունը շեղել տրանսպորտային միջոցի ղեկավարումից.
բ) կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում երթևեկելիս կանգնել, նստել թափքի կողերին կամ դրանցից բարձր գտնվող բեռի վրա.
գ) երթևեկության ընթացքում բացել տրանսպորտային միջոցի դռները, ինչպես նաև դռները բացել կանգառի ժամանակ, եթե դա խոչընդոտ կստեղծի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար.
դ) երթևեկության ընթացքում դուրս կախվել (դուրս ցցվել) տրանսպորտային միջոցից կամ դուրս նետել ինչ-որ առարկաներ:
Աղբյուրը` Իրավաբան.net