Սերժ Սարգսյանը պատասխանել է Սերժ Թանգյանի նամակին

Այսօր ամերիկահայ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` փետրվարի 18-ին կայացած ընտրությունների առնչությամբ:

Նամակը Մեդիամաքս-ին էր տրամադրել երգչի մենեջեր Ջորջ Տոնիկյանը:

Նամակում ասված է. 

«Հարգելի Պարոն Նախագահ,

Շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե` ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների հաղորդումներին կեղծիքների մասին` անկախ ԵԱՀԿ զեկույցից, գիտականորեն անհնար է թվում նույնիսկ Ձեր համար, պարոն Նախագահ, իմանալ` արդյո՞ք ստացել եք ձայների մեծամասնությունը, թե ոչ:

Բավականին ծիծաղելի է ստացվում այնպես չէ՞, որ Դուք, Հայաստանի Նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՞ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը, թե՞ ոչ: Անձամբ ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի առաջնորդել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեին այդ ընտրությունը:

Այլապես ես կտիրանայի Հայաստանին և կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր, կամ որևէ այլ ածականներ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դուրս է եկել եւ օլիգարխների խավիարը վերջացել է, եւ նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանան: Ինչեւէ, ժամանակն է փոփոխության: Ազնվորեն եք հաղթել, թե ոչ, ինչ-որ կերպով Դուք այժմ նորից Նախագահն եք:

Դա ի՞նչ է նշանակում Ձեր համար: Այո, Արցախը կարեւոր է բոլորիս համար, եւ պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ` թե ինչպե՞ս եք պատրաստվում հայերի շահերը պաշտպանել Հայաստանում և աշխարհում, ինչպե՞ս եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական և քաղաքական ճգնաժամից: Օբաման թեկուզ հույս է խոստանում, չնայած որ հիասթափեցրել է բոլորիս:

Տարիներ առաջ, ես արշավ սկսեցի` խնդրելով նախագահ Օբամային հետեւել իր խոստումին եւ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Դուք երդում եք ընդունել պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին եւ ներքին թշնամուց:

Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, ներքին թշնամիներ են եւ պետք է պատժվեն: Դա պետք է Ձեր պարտքը լինի այն ի կատար ածել, եթե նույնիսկ ոմանց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաեւ պետք է մտածեք խորհրդարանը լուծարելու եւ առաջին հայ ռեֆորմիստ Նախագահը դառնալու մասին, որն անում է ամեն ինչ համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար եւ ներկայացուցչական կլինեն:

Սերժ, նրանք ովքեր ինձ գիտեն, գիտեն նաեւ, որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Ինչպես եւ բազմաթիվ սփյուռքահայեր, ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց` ուղղակիորեն եւ հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ, կաշառակերության եւ անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է մեզ բոլորիս համար: Դուք պետք է սա իմանաք:

Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության` առավել քան որեւէ բանի: Ոչ մեկը չի կարող լինել oրենքից բարձր:

Դուք կարող եք այն իրագործել հիմա, անձնական oրինակով եւ նախագահական հրամանագրով: Միավորեք մեզ, Սերժ: Ոգեւորեք մեզ: Խնդրում եմ, ընդունեք այս կոչը»: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նամակին. 

«Սիրելի՛ Սերժ,

Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց հաղթանակած ու առաջ նայող երկրի քաղաքացի է ծնվել: Նա դեռ շատ բան չգիտի: Սե՛րժ, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիվ տալու՝ ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքո նոր Հայրենիք փոխանցենք իրենց: Պատկերացնու՞մ ես այն հարցական արտահայտությամբ աչքերը, որոնց հաշվետվություն պիտի տանք: Ես ու դու, Սե՛րժ, մենք բոլորս: Այդ աչքերը դեռ փոքր են ու խաղացկոտ, բայց վաղը լուրջ ու քննող են լինելու:

Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՛րժ, որ ես իմ ժողովրդին ապահով Հայաստան խոստացա, կազմակերպեցի մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրությունները (անշուշտ խնդիրներով հանդերձ, որոնք, սակայն, որևէ էական ազդեցություն չէին կարող ունենալ արդյունքների վրա) ու չկարողացա՞ համախմբել ողջ ժողովրդին ու ապագայի ճանապարհը ցույց տալ: Որ լուրջ վերաբերվեցի ու անգամ քննարկեցի պետության ու պետականության հետ աղերս չունեցող՝ օդից վերցրած «վերջնական ճշմարտություննե՞րը»: Դա ական է, Սե՛րժ, ական գալիք բազմաթիվ տասնամյակների համար, որ անխուսափելի կործանման կտանի: Մենք զարգացման ճանապարհի ականները մի կողմ նետելու պարտք ունենք: Անօրինական ճանապարհներով հնարավոր չէ օրինականության հաստատման օրակարգ ամրագրել: Այդ օրակարգի վերջն էլ շատ արագ կգա նույն անօրինական ճանապարհով: Փոքրիկ Սերժը քո արվեստի սիրահար կլինի կարծում եմ, ի՞նչ ենք նրան պատասխանելու, երբ մեզ հարցնի.

«Արդյո՞ք տեղահանված ականների փիլիսոփայությունը բոլոր տներն ու գյուղերը ռմբակոծելն էր»:

Սա պետություն է, Սե՛րժ: Սրա մասին մենք շատ երկար ենք երազել: Իմ ու քո, մեր բոլորի պետությունն է: Փոքրիկ Սերժինն ու Հովհաննիսյանների ընտանիքի հրաշալի զավակներինն է: Մեր բոլոր զավակներինն ու թոռներինն է: Մենք ունենք դրախտավայր-Հայրենիք ու պարտավոր ենք ամուր պետություն կառուցել: Միասի՛ն, Սե՛րժ: Այսօրվա ականները վաղը մեր զավակների գլխին փոթորիկ կբերեն, կդառնան Bellum omnium contra omnes կամ «բոլորի պատերազմը բոլորի դեմ»: Ու արդեն հասունացած փոքրիկը կհարցնի.

Եվ «ո՞ւր ես առաջարկում գնալ, երբ ռումբերը թափվեն», Սե՛րժ:

Ի՞նչ ենք պատասխանելու նրան: Որ տարիներ առաջ ռոմանտի՞կ էինք կամ չէի՞նք հասկանում. սա՞ է մեր պատասխանը: Չի՛ հավատա մեզ, Սե՛րժ, կկարդա այս նամակը ու հաստատ կասի.

«Դու առաջ նայելով տեսնում էիր այդ ամենը, ինչո՞ւ այնտեղ գնացիր»:

Դա չէ մեր ճանապարհը: Ճանապարհի հարցում ես ու դու համախոհներ ենք: Այո՛, ժամանակն է փոփոխության: Ու ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել: Կեղծիքն ու երեսպաշտությունը, զոռբայությունն ու թշնամանքը քանդելու ենք հատիկ առ հատիկ ու հետևողականորեն, որ բացճակատ գոռանք՝ «ազատություն, մենք ազատ ենք»: Որ հպարտորեն կոչ անենք բոլորին՝ եկե՛ք «հետ, դեպի գետը Արազ …»: Որ փոքրիկ Սերժի ու իր սերնդակիցների աչքերին նայելու ու պատասխաններ տալու տեղ ունենանք, Սե՛րժ:

Դրա համար ես քո օգնության կարիքն ունեմ, բոլորի օգնության կարիքն ունեմ՝ Գլենդելից մինչև Ստեփանակերտ, Մելբուռնից մինչև Մոսկվա: Ես հավատում եմ մեր հավաքական հաղթանակին:

Ու վերջում անդրադառնամ քո հարցին: Դու հարցնում ես՝ ներքուստ համոզվա՞ծ եմ ես: Պատասխանում եմ՝ միշտ եմ համոզված եղել. ամեն ինչում, ինչ արել եմ՝ մարտ կառավարելուց մինչև ընտրությունների կազմակերպում: Հայաստանը պետք է զգալ, Սե՛րժ, այն անհնարին է զգալ միայն Երևանի կենտրոնի թանկարժեք գրասենյակում նստած, անգամ շատ երկար: Հայաստանը կարելի է զգալ դարերի իր երթը շարունակելու համար կռիվ տվող փոքրիկ գյուղի քարքարոտ հողին կանգնած և տղաների շիրիմների ծաղկաթփերի կանաչից: Հայաստանը խոսել է արդեն, Սե՛րժ: Վստա՛հ եղիր:

Այսքանը:

Փոխանցիր խնդրում եմ հարգանքներիս հավաստիքը հայրիկին, ու թող գարնան արագիլի ձեր հպարտ ուղերձը կանգնեցնի մեզ սխալ ճանապարհ ընտրելիս:

Խաղաղություն»:

Լուսանկարը Մեդիամաքս-ի:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել