2013թ. փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով` այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ:
Մասնավորապես, ինչպես հայտնում է դատախազությունը, 2013թ. փետրվարի 18-ին «www.iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել էր ահազանգ, ըստ որի` Երեւանի թիվ 06/16 ընտրատեղամասում դիտորդը նկատել է Կ. Նավասարդյանի անվան դիմաց Նարեկ Մարտիրոսյանի ստորագրելը:
Նույն օրը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունից հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի Մաշտոցի բաժին` մատնանշված հանգամանքներն ստուգելու համար: Նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն է տվել Կ.Նավասարդյանի հայրը, ով հայտնել է, որ որդին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ չի մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին։ Մինչդեռ ընտրատեղամասի ընտրացուցակի զննության ժամանակ պարզվել է, որ Կ.Նավասարդյանի անվան դիմաց լրացված են անձնագրային տվյալներ եւ կա ստորագրություն։ Նարեկ Մարտիրոսյան անուն-ազգանունով ընտրող նշված տեղամասի ցուցակներում չի եղել։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կ.Նավասարդյանի անվան դիմաց լրացվել են Մարգարիտա Նավասարդյանի տվյալները, ով հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել է։ Վերջինս ցուցմունք է տվել, որ որպես ընտրող` ընդգրկված է եղել թիվ 06/08 ընտրատեղամասում, որտեղ էլ կատարել է քվեարկությունը եւ պնդել, որ քվեարկությանը մասնակցել է մեկ անգամ, իր անձնագիրը որեւէ մեկին չի տվել։ Նա նաեւ դժվարացել է ասել, թե ինչպես են իր անձնագրային տվյալները հայտնվել 06/16 ընտրատեղամասի ընտրացուցակում՝ Կարապետ Նավասարդյանի անվան դիմաց։
Նախաքննությունը շարունակվում է։ Հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանմանը՝ ապահովել քրեական գործով քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net