Կորոնվիրուսով պայմանավորված, Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարվել է արտակարգ դրություն, որի հետևանքով էլ փակված են բոլոր ուսումնական հաստատությունները: Որպեսզի աշակերտներն ու ուսանողները հետ չմնան իրենց կրթական ծրագրերից, որոշում կայացվեց անցնել հեռավար կրթության:
Անցումը մի շարք հակասական կարծիքներ առաջ բերեց, խոսվեց դրա թե լավ, թե վատ կողմերից, նոր հնարավորթյուններից ու առաջ բերող խնդիրներից:
Իրավաբան.net-ի հետ զրույցում տարբեր դպրոցների ուսուցիչներ պատմել են իրենց փորձի մասին:
Սկզբում լավի մասին
Երևանի Մանուել Քաջազնունու անվան թիվ 54 դպրոցի հայերենի ուսուցչուհի Տաթև Մանուկյանը պատմում է, որ գրեթե բոլորը օգտվում են Zoom հարթակից, որը հնարավորություն է տալիս ամբողջ դասարանին հավաքել էկրանի առաջ: «Zoom հարթակը տալիս է մեզ մի շարք հնարավորություններ, օրինակ օգտագործել օնլայն գրատախտակ, սահիկաշար, ինչը տեսնում են բոլոր երեխաները: Համացանցի հասանելությունը թույլ է տալիս միասին ինչ-որ տեսանյութի դիտում կազմակերպել ու քննարկել, խաղալ ինտերակտիվ խաղեր, որոնցով ավելի հետաքրքիր ենք դասը դարձնում: Ես հաճախ օգտվում եմ LearningApps, Quiz ծրագրերից, բավականին մեծ ոգևորություն է առաջացրել երեխաների շրջանում, կարծես ամեն դասի անհամբեր սպասում են: Կարողանում ենք նաև թիմային աշխատանքներ կատարել»,-նշեց նա։
Գայանե Օրդյանն արդեն 5 տարի է, ինչ դասավանդում է Երևանի Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի: Նրա խոսքով, հեռավար ուսուցման լավ կողմերը շատ են․ «Ցանկություն ունեցող, սովորել ցանկացող աշակերտի համար սա լիարժեք դասընթաց է համարվում, կողքից ոչ ոք չի խանգարում, երեխան անհատապես ուսուցչի հետ է աշխատում։ Բնականաբար, ով ցանկություն չունի՝ մի քիչ դժվար է։ Բայց այս հարթակը հնարավորություն է տալիս տարբեր գործիքներ կիրառել, օրինակ Zoom-ի հարթակում դասագիրքն եմ էկրան բերում, երեխան աշխատում է իր դասգրքով, լրացուցիչ նյութով։ Նորարաությունն ու նոր տեխնոլոգիաներին տիրապետելը մեծ ոգևորություն է առաջացնում։ Էկրանն օգտագործում եմ 100 տոկոսով, օրինակ երկրաչափական պատկերներին գունային երանգներ եմ տալիս, ավելի մատչելի, հասանելի դարձնում տարբեր գույներով, քան դպրոցում՝ գրատախտակին եմ կարողանում դա ցույց տալ»,-մանրամասնում է ուսուցչուհին։
Այս օրերին հեռավար ուսուցման կազմակերպումը բարձրացրեց ուսուցչի հեղինակությունը։ Այս կարծիքն ունի Երևանի «Վարդանանց Ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի ուսուցչուհի, դասվար Թամարա Մեհրաբյանը։ «Ծնողը տեսավ, թե ուսուցիչն ինչքան ջանք ու կորով է ներդնում երեխաներին կրթելու համար, սա նաև դարձավ ծնողների, աշակերտների միավորման առիթ, ծնողները, կոլեկտիվը մտերմացան»,- ասաց նա։ Ոսուցչուհու խոսքով, որպես տնային աշխատանք կատարված հանձնարարությունների պատասխանները ստանում է Viber-ի միջոցով․ «Տեսանյութեր են ուղարկում ծնողները, թե ինչպես են պատրաստվել երեխաները դասին, առողջ մրցակցություն է սկսվել դասարանում։ Հիմա «Սասունցի Դավիթ» էպոսն ենք անցնում, բոլոր երեխաները 10 րոպեանոց տեսանյութեր են ուղարկել՝ պատմում են էպոսի ճյուղերի մասին, շատ մանրամասն, մեծ ոգևորությամբ, ամեն մեկն ուզում է յուրովի ներկայանալ, պլակատներով, նկարներով են տեսանյութեր ուղարկում»։
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սիլվա Սուլյանն էլ նշում է, որ կարևոր է այն, որ սա հեռանկարային գործընթաց է․ «Ճիշտ է, դժվար պահերին է այս գործընթացը սկսվել, խնդրահարույց է եղել, բայց միևնույն ժամանակ սահմանամերձ գյուղերի համար սա հնարավորություն է, որ մասնագետ չլինելու դեպքում մեր աշակերտները չտուժեն ու դպրոցում նաև հեռավար ուսուցում կազմակերպվի, այն առարկաները, որի մասնագետը դպրոցում չլինի՝ մյուս գյուղերից, Երևանից դա կազմակերպվի, մասնագետը միանա ու դասավանդի այստեղի աշակերտներին։ Մենք այդ հնարավորությունն ունենք, դպրոցում սմարթ սենյակ կա ու կարող ենք այդ գործընթացը սկսել, եթե ԿԳՄՍ նախարարությունը սրան ընթացք տա հետագայի համար»,- ասաց Սիլվա Սուլյանը։
Խնդիրները, բացասական կողմերը՝ հեռավար ուսուցման ժամանակ
Ուսուցիչները նշում են, որ օնլայն հարթակներին միանալու համար որոշ երեխաներ ունեցել են տեխնիկական խնդիրներ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ բազմից նշեց այս մասին։ Նա նաև կոչ արեց, որ ովքեր ունեն չօգտագործվող սարքավորումներ, կարող են տրամադրել նախարարությանը, որն էլ իր հերթին կտրամադրի դրանց կարիքն ունեցող աշակերտներին ու ուսուցիչներին։
Տաթև Մանուկյանի խոսքով, իրենց դպրոցում սարքավորումների խնդիրը կարգավորվել է առաջին իսկ օրերին․ «Կան աշակերտներ, որ չունեն համակարգիչ, հեռախոսը չի բացում Zoom հարթակը, այդ աշակերտների հետ աշխատում ենք մեսենջերներով, Viber-ով հանձնարարություն ենք տալիս, ստուգում: Աշխատում ենք, որ բոլորը ներգրավված լինեն և խոչընդոտներ չառաջանան։ Իհարկե բացեր կան, բայց կարծում եմ հետևություններ կանենք բոլորս՝ նախարարությունից մինչև ուսուցիչ ու ամեն ինչ կփոխվի:»։
Այգեձորում այս հարցին այլ լուծում են տվել՝ անցել են երկհերթ ուսուցման։ «Մենք Ազգային ժողովի կողմից ստացել ենք համակարգիչներ, տրամադրել անապահով, բազմազավակ երեխաներ ունեցող ընտանիքներին, որպեսզի երեխաները չտուժեն այս գործընթացից։ Ուսուցիչները, կարելի է ասել, խնդիր չունեին, ընտանիքներ կային, որ երեխաները մեկ համակարգիչ ունեին կամ մեկ հեռախոս, մենք անցանք երկհերթ ուսուցման, որ բոլոր երեխաների հետ երկու հերթով կարողանանք դասապրոցեսը կազմակերպել, դա էլ խնդիր չէր»,-ներկայացնում է դպրոցի տնօրեն Սիլվա Սուլյանը։
Թամարա Մեհրաբյանի խոսքով, հեռավար ուսուցումից դուրս չեն մնում նաև ներառական կրթության կարիք ունեցող աշակերտները։ Նրանց հետ, հարկ եղած դեպքում, առանձին, անհատական աշխատանք է տարվում։
Ուսուցիչները միաբերան նշում են՝ վատ է, որ երկար ժամանակ համակարգչի առաջ են լինում երեխաները և իհարկե այն, որ չի լինում կենդանի շփումը․ «Այն էմոցիոնալ ֆոնը, որ ունենում ենք դասարանում՝ բացակայում է հեռավար դասընթացի ժամանակ»,-հավելում է Տաթևիկ Մանուկյանը։ Սիլվա Սուլյանն էլ նշում է, որ կարոտում են երեխաների աղմուկն անգամ․ «Երեխաների աղմուկը, վազքը, փայնը, դպրոցում խաղը չկա, մենք իրենց շատ ենք ասում, որ կարոտել ենք, երեխաներն էլ, թե այն ժամանակ չէին ուզում գալ դպրոցում, հիմա ուզում են գալ, իրենք էլ են կարոտել։ Բոլոր դեպքերում կենդանի շփումը շատ կարևոր է»։
Ծնողների դերակատարումը՝ հեռավար ուսուցման գործընթացում
Մանկավարժները նշում են, որ ծնողների դերակատարումը մեծ է հեռավար ուսուցման ժամանակ։ Բարձր դասարաններում, երեխայի գիտակցությամբ պայմանավորված, ծնողները շատ անելիք չունեն դասընթացների ժամանակ․ «Երեխան էլ իրեն վատ է զգում, երբ ծնողը հուշում է անում, քանի որ դա տեսնում են նաև իրենց դասընկերները»,-նշում է Գայանե Օրդյանը։ Տաթև Մանուկյանն էլ նշում է, որ որպես դասղեկ համակարգման խնդիր է ունեցել ու շատ է շփվել ծնողների հետ, նրանք դրական կարծիքներ են հայտնել։
Տարրական դասարաններում իհարկե շատ ավելի դժվար է 30-ից ավել աշակերտի պահել էկրանի առաջ․ «Բայց ծնողների աջակցությունը, երեխաների գիտակցությունն այնքան բարձր է, որ կես խոսքից հասկանում են, եթե պետք է միկրոֆոններն անջատում են, եթե պետք է՝ միացնում պատասխանում են։ Սկզբնական շրջանում ծնողները նստում էին երեխաների կողքը, ուզում էին իմ պահանջները հասկանալ, կարծես բաց դաս լիներ, հետո հասկացան, որ էլ կարիք չկա երեխաների կողքին նստել»,-նշում է դասվար Թամարա Մեհրաբյանը։
«Այսօր, հատկապես գյուղական վայրերում մի պահ մենք զգացինք ծնողների անտարբերությունը, սա ևս մեկ հնարավորություն էր, որ ծնողը զգա, հասկանա, ավելի ուշադիր լինի իր երեխայի հանդեպ, որովհետև ինքն էլ է դասը լսում, տեսնում ինչ աշխատանք է տանում ուսուցիչը, իր երեխայի աշխատասիրությունը կամ անտարբերությունը։ Միգուցե սրանից հետո ծնողներն ավելի ուշադիր լինեն»,- ներկայացնում է Սիլվա Սուլյանը։
Ուսուցիչների աշխատանքը շատացել է
Մեզ հետ զրույցում մանկավարժները նշում են, որ դպրոցում ավելի համակարգված էր ժամային գրաֆիկը, իսկ հիմա ավելի երկար ժամանակ է հարկավոր դասընթացի կազմակերպման համար։
«Առաջ, եթե աշխատում էինք մինչև ժամը 3-ը, հիմա աշխատում ենք մինչև գիշերը 10-ը, 11-ը: Հանձնարարությունները ուղարկում ենք, ստուգում ենք, նշումներ, ուղղումներ անում, հետ ուղարկում իրենց, անընդհատ այդ շարունակական գործընթացի մեջ ենք»,-ասաց Տաթև Մանուկյանը:
Դպրոցի տնօրենն էլ նշում է, որ ուսուցիչներից դժգոհություններ չի ստանում, բայց․․․ «Ես էլ եմ պարապում, գիտեմ, եթե դպրոցում 45 րոպե ենք պարապում, այս դեպքում մի պահ կապի խնդիր է առաջանում, երեխան չի կարողանում միանալ, կամ ուշ է միանում, իր համար նորից ենք բացատրում, բայց դա էլ ոչինչ, մենք կոչված ենք երեխաներին դաստիարակելու, կրթելու համար, պետք է ընդառաջենք»։
«Աշխատանքը կազմակերպչական առումով բարդացել է, բայց մասնագիտական աշխատանքը դե նույնն է։ Սկզբում մի թեթև խուճապ կար, թե կարող է չհասցնենք, արդյունավետ չլինի, բայց հիմա ամեն ինչ հստակ է, կազմակերպված։ Ժամանակային առումով էլ կարծում եմ շատ ժամանակ չի տանում»,-ասաց Գայանե Օրդյանը։
«Շատ ժամանակ է խլում, տանն աշխատում ենք 24 ժամ, հեռախոսս անընդհատ միացած է, պատկերացրեք, որ օրը 33 երեխա տեսանյութ ուղարկի, եթե ասում եմ, որ այսօր այս 5-6 երեխան պետք է տեսանյութերն ուղարկեն, միևնույն է 33-ն էլ ուղարկում են, մրցակցություն է, սպասում են, որ այդ տեսանյութը պետք է խմբում դնեմ, բոլորը տեսնեն, ոգևորությունը շատ մեծ է»,-պատմում է Թամարա Մեհրաբյանը։
Emis.am-ի էլեկտրոնային մատյանը դեռ իրեն չի արդարացնում
Վերջին օրերին emis.am կայքի բաժնում ներդրվեց նաև էլեկտրոնային մատյանը, որը դեռևս կարգավորման փուլում է։ Ուսոցիչների խոսքով, մի շարք խնդիրներ են առաջանում աշակերտների գնահատականներն անցկացնելիս, բացի այդ, կարծես աշխատանքի կրկնություն լինի, քանի որ մինչ այդ գործարկվում էր Dasaran.am կայքը, որում ևս անցկացվում էին գնահատականները, իհարկե ոչ պարտադիր կերպով։
«Ժամանակը ցույց կտա մատյանի օգտակարությունը, բայց կարող եմ ասել, որ առաջին օրերին մեծ խնդիրներ ունեինք, մտնում էինք, դասարանները, անունները խառնած էր, խառնաշփոթ էր։ Հիմա էլ երբեմն խափանումներ լինում են, հարթակը դեռևս մշակման փուլում է, բայց կարծում եմ, սա օգնում է նախարարությանը հասկանալ, թե որքանով է աշխատանքը տարվում։ Dasaran.am-ը, իմ կարծիքով, շատ լավ հարթակ է, ես օգտվել եմ այդ հարթակից, հիմա ժամանակի սղության պատճառով, երեխաներին չծանրաբեռնելու համար Imdproc.am ծրագրով ենք աշխատում, որ շատ խճճված չլինի»,-ասաց համար 54 դպրոցի ուսուցչուհին։
Այգեձորի դպրոցի տնօրենը նշում է, որ հետագայում այդ ամենը պետք է լինելու անցկացնել իրական դասամատյանում․ «Մեզ համար պետական փաստաթուղթը դա հենց դասամատյանն է, չեմ կարծում, որ շատ անհրաժեշտ բան է հիմա էլեկտրոնային մատյանը, կրկնակի աշխատանք է ստացվում, դրա փոխարեն ուսուցիչը կարող էր դասին նախապատրաստվել»,-հավելեց նա։
Աշխատանքի ժամանակ լինում են նաև հետաքրքիր միջադեպեր․ ուսուցիչների ընտանիքների անդամների արձագանքը
Դասից փախնողներ լինում են նաև առցանց ուսուցման ժամանակ, էկրանի առաջ հայտնվում են ոչ միայն աշակերտները, այլև նրանց ծնողներն ու հարևանները։ «Իսկ աքլորի կանչելը․․․ Երբ երեխան բակում է նստած դասի (կապը դրսում ավելի լավ է լինում), լսում ենք հարևանների խոսակցությունն էլ, երաժշտություն էլ, կյանքը հո կանգնած չէ, մեկ-մեկ էլ ընտանիքի գաղտնիքներն ենք լսում»,-ծիծաղում է Սիլվա Սուլյանը։
«Լինում են երբեմն, տեսազանգն է անջատում աշակերտը, կամ ասում չեմ կարողանում միանալ, չի ստացվում մտնել, կլինի մյուս ժամին մտնել, ու արդեն հասկանում ես, որ դասին պատրաստ չէ կամ չի ուզում ներկայանալ»,-ասաց Տաթև Մանուկյանը։
Մի փոքր դպրոց էլ ստեղծվում է Գայանե Օրդյանի տանը՝ ինքը ուսուցչուհին, երեք երեխաները՝ աշակերտ․ «Ես և իմ երեք երեխաները միաժամանակ դասի ենք, արդեն իրար չենք խանգարում, ամեն մեկս մեր դասացուցակն ու անկյունը ունենք, հանդիպում ենք դասամիջոցներին։ Մյուս անդամները իհարկե դժգոհում են, բայց արդեն հարմարվել են, օրինակ՝ ամուսինս էլ հեռավար է կատարում աշխատանքը ու հիմա էլ այլընտրանք չունենք»։
Թամար Մեհրաբյանին էլ օգնության են հասնում երեխաները, քանի որ սա ուսուցիչների համար սա մեծ մարտահրավեր է եղել։ «Մի պահ հեռախոսը դեմքիցս հեռու էի տարել, աշակերտներից մեկն ասում է՝ ընկեր Մեհրաբյան, մի հատ կգաք, կամ մեկն ասում է՝ կարելի է գնալ պետքարան»,-նշում է նա։
Եթե առցանց ուսուցում՝ ապա անվտանգ
Համացանցից օգտվելիս հարկ է նաև հետևել անվտանգության մի շարք կանոնների։ ԿԳՄՍՆ-ն այս մասին նշում է․ «Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ և աշակերտներ, Zoom ծրագրից օգտվելիս ուշադրություն դարձրեք դասերի անվտանգությանը՝ դրանք պաշտպանելով կողմնակի ներխուժումներից»:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ուսուցիչներին և դասախոսներին.
- Ձեր դասերի հղումները տեղադրեք փակ խմբերում, որ դրանք հասանելի լինեն միայն դասերի մասնակիցների համար,
- Գաղտաբառը տվեք միայն տվյալ դասի մասնակիցներին, ոչ թե ամբողջ դպրոցի կամ համալսարանի խմբին,
- Ակտիվացրե՛ք ծրագրի «Enable waiting room» կոճակը՝ այդպիսով ամբողջովին հետևելով դասերի մուտքերին:
Աշակերտներին՝
- Ձեր դասի համար ստացած գաղտաբառը մի՛ փոխանցեք կողմնակի անձանց և մի՛ տեղադրեք տարատեսակ խմբերում և էջերում: Այդ գաղտաբառը միայն ձեզ համար է»։
Ուսուցիչները ևս կարևորում են այս հանգամանքը․ «Բնականաբար մենք չենք կարող 100 տոկոսով հետևել, թե ով ինչպես է օգտագործել, բայց մենք ուղղորդում ենք, ու քանի որ հիմա մենք տանն ենք, կարող ենք ավելի մեծ հետևողականություն դրսևորել, տեսնել, թե ինչպես են օգտվում համացանցից»,-ասաց Տաթև Մանուկյանը
Գայանե Օրդյանի խոսքով էլ, համացանցի թերությունները մինչ այս հարթակն էլ է եղել ու պետք է դրականը քաղել։
Վերջում հիշեցնենք, որ Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:
Ալիսա Չիլինգարյան