ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը՝ շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրման մասին նախագծի վերաբերյալ

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը՝ ՀՀ Կառավարության  2020 թվականի ապրիլի 2-ի նիստում հավանության արժանացած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալվերաբերյալ. «Հարգելի՛ գործընկերներ,

ՀՀ Կառավարությունը 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում հավանության է արժանացրել և սահմանված կարգով Ազգային ժողովին ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծով առաջարկվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որն առնչվում է տեղեկատվության  ազատության սահմանափակումներին, լրացնել 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ,

«Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա։»։

Նախագծին կից ներկայացված  հիմնավորման համաձայն՝ Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների, մասնավորապես՝ 1998 թվականի հունիսի 25-ին Դանիայի Օրհուս քաղաքում Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրած և 2001 թվականի հունիսի 27-ին վավերացրած Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիայի  (այսուհետ՝ Օրհուսի կոնվենցիա) 4-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետի դրույթների ներպետական օրենսդրությամբ իմպլեմենտացմանն ու մոտարկմանը: 

Վերոգրյալի առնչությամբ նախ հարկ ենք  համարում նշել, որ Նախագծի հիմնավորման մեջ  Օրհուսի կոնվենցիայի հոդվածների դրույթները ընտրովի և հատվածական են ներկայացված, ինչն էլ հնարավորություն չի տալիս գնահատելու, թե Օրհուսի կոնվենցիայի դրույթների պահանջները մեր ներպետական օրենսդրությամբ, արդյոք, անպայմանորեն հենց Նախագծով առաջարկվող կարգավորումների տեսքով պետք է իմպլեմենտացվեն, թե՞ հնարավոր է, որ կոնվենցիան՝ այն վավերացրած երկրներին հնարավորություն է տալիս այլ մոտեցումներ որդեգրել: Օրինակ, Օրհուսի կոնվենցիայի «Ընդհանուր դրույթներ» վերտառությամբ 3-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն՝    

«5. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն շոշափում որևէ Կողմի իրավունքը՝ շարունակելու իրագործել կամ ձեռնարկել միջոցներ, որոնք ենթադրում են տեղեկության ավելի լայն մատչելիություն, հասարակության ավելի ակտիվ մասնակցություն որոշումների ընդունման գործընթացին և արդարադատության ավելի լայն մատչելիություն բնապահպանական հարցերով, քան դա նախատեսված է սույն Կոնվենցիայով։

  1. Սույն Կոնվենցիան չի պահանջի գոյություն ունեցող իրավունքների որևէ թուլացում, որոնք կապված են տեղեկության մատչելիության, հասարակության մասնակցությանը որոշումների ընդունման գործընթացին և արդարադատության մատչելիությանը՝ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի կապակցությամբ։

Նշվածը վկայում է, որ  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի գործող կարգավորումները, որոնց համաձայն՝ տեղեկատվության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը,  ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետությունն օրենսդրական կարգավորումների մակարդակում երաշխավորվող  տեղեկության ավելի լայն մատչելիությունը՝ բնապահպանական հարցերով ավելի արդարացված է, քան Կոնվենցիայով նախատեսված հնարավոր սահմանափակումները: Ուստի, Նախագծով  շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման սահմանափակմանն առնչվող կարգավորումների սահմանումը՝ պայմանավորելով Օրհուսի կոնվենցիայի պահանջների հետ, հիմնավոր չէ:

Երկրորդ. Նախագծի հիմնավորման մեջ մեջբերվում են ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ (12-րդ, 42-րդ, 51-րդ,), սակայն Նախագիծը մշակող իրավասու մարմինը Նախագծով նման կարգավորումներ սահմանելով՝ չեն պահպանել ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջները, մասնավորապես՝ 

  • 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը
  • 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: 
  • Այդ առնչությամբ գտնում ենք, որ Նախագծի հիմնավորման մեջ բավարար չափով բացահայտված չէ, թե օրենքով շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման սահմանափակումներ մտցնելու Նախագծով առաջարկվող  կարգավորումներն իրենց բնույթով որքանով են պիտանի և անհրաժեշտ Սահմանադրությամբ երաշխավորված անձի կարծիքի արտահայտման ազատության և տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակման համար, ինչպես նաև Նախագծով անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր չեն սահմանվել, թե որ դեպքերում լիազոր մարմինը կարող է շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժել՝ պարարտ հող նախապատրաստելով հնարավոր անհամաչափ սահմանափակումների համար, որոնց արդյունքում, ի թիվս այլոց, կարող է վնաս հասցվել հենց բնությանը:

    Նախագծի հրապարակման առաջին իսկ օրվանից քաղաքացիական  հասարակության բազմաթիվ կառույցներ, բնապահպաններ, լրագրողներ ահազանգել են Նախագծով առաջարկվող կարգավորումներում ներառված վտանգների մասին՝ ընգծելով, որ այն հայեցողական լիազորություն է տալիս լիազոր մարմնին մերժելու շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվության տրամադրումը:

    Ուստի, կոչ ենք անում ներկա արտակարգ դրության պայմաններում դադարեցնել վերոնշյալ օրինագծի շրջանառությունը, և դրա շուրջ պատշաճ հանրային և մասնագիտական քննարկումներ կազմակերպել արտակարգ դրության դադարեցումից հետո:

    Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

    «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ

    Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն 

    «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ

    «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ

    «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ

    «Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ

    «Հայաստանի համայնքների միություն»  ՀԿ

    «Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամ»

    «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, Քարտուղարության համակարգող

    Սույն հայտարարությունը ընդունվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հեռավար եղանակով գումարված նիստում` 2020 թ.-ի ապրիլի 5-ին:

    06.04.2020»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել