Այսօր Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ 2012 թ. դեկտեմբերին շրջանառության մեջ դրված «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանը և Մկրտիչ Մինասյանը:
Համաձայն առաջարկվող նախագծի հոդված 14-ի՝ մանկական եւ վաղ տարիքի երեխաների համար նախատեսված կաթնախառնուրդների, հարակից ապրանքների եւ մինչեւ 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքի գովազդը եւ խրախուսումը արգելվում է:
2. Խրախուսման արգելված ձեւերն ընդգրկում են `
1) գովազդը.
2) զեղչային հնարքները, ինչպիսիք են` հատուկ ցուցահանդես-վաճառքները, շնորհանդեսները, շահումները, հատուկ վաճառքները, պարգեւների, մրցանակների, նվերների շնորհումը, զեղչերը եւ զեղչի կտրոնների կիրառումը, իջեցված գներով վաճառքը` բացառությամբ այն դեպքերի, երբ իջեցված գներով վաճառքը բխում է արտադրողի կամ բաշխողի գնային քաղաքականությունից եւ ուղղված է գների երկարատեւ (ոչ պակաս քան վեց ամիս) իջեցմանը եւ սպառման ավելացմանն ուղղված խրախուսման ցանկացած այլ հնարք.
3) մանկական սննդի եւ հարակից ապրանքների նմուշների տրամադրումը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net