Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Լիլիթ Խ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունվարի 21-ին` ժամը 13:30-ի սահմաններում, մտել է Երևան քաղաքի Կասյան 10 հասցեում գտնվող «Այքն Քոմունիքեյշնս» ՓԲԸ և աշխատող Ելիզավետա Մ.-ի վստահությունը չարաշահելու նպատակով ներկայացել որպես հարևանությամբ գործող դեղատան աշխատողի դուստր, ապա գումար մանրելու պատրվակով Ելիզավետա Մ.-ից խաբեությամբ հափշտակել է 50 000 ՀՀ դրամ գումար` վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խախանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրնսգրքի 178-րդ հոդվածի` խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net