Անիի նախկին ոստիկանապետի գործով ցուցումունք տվեց քննիչը` որպես վկա

Այսօր` փետրվարի 19-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական գործով դատաքննությունն ըստ մեղադրանքի` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի: Վերջինս Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «փեսայի» սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի հայրն է:

Ս. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Վարդան Ղուկասյանի «փեսայի» սպանության գործով հարցաքննության ժամանակ, նա ներս է մտել քննիչի Է. Ալեքսանյանի աշխատասենյակ և խոչընդոտել է հարցաքնությանը:

Այսօր ևս հարցաքննվեց վկա, Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Է. Ալեքսանյանը:

Այսօր դատարանում քննիչ Ալեքսանյանը, որպես վկա, ցուցմունք տվեց գործի հանգամանքների վերաբերյալ, մասնավորապես նշելով, որ Ս. Սարգսյանը դեպքի օրը մտել է իր աշխատասենյակ և խոչընդոտել է հարցաքննել իր բարեկամուհու Ա. Գ-ին և կոչ է արել դադարեցնել ցուցմունք տալ և չստորագրել:

Քննիչի ցուցմունքը վրդովմունք պատճառեց Ս. Սարգսյանին: Նա տեղից բղավում էր, որ Ալեքսանյանը ստում է:

Պաշտպանական կողմը քննիչին հարցեր էր տալիս թե’ դեպքի առնչությամբ, թե’ քննիչի աշխատաոճի առումով, նշելով, որ քննիչը գրավոր չի ծանուցել վկային, այլ հարցաքննության է կանչել հեռախոսազանգի միջոցով, որ երբ բացատրել է վկայի իրավունքների և պարտականությունների մասին, վկան չի ստորագրել, որ ծանուցվել է, և մի շարք նմանատիպ հարցեր: Քննիչը մանրամասնորեն պատմում էր դեպքի հանգամանքերի մասին, նաև իր կատարած աշխատանքի վերաբերյալ:

Պաշտպանի այն հարցին, թե քննիչն ամեն ինչ է արձանագրե՞լ, հնչեց պատասխան, որ վկայի փռշտալու վերաբերյալ արձանագրություն չի կազմել:

Ըստ ապացույցների հետազոտման կարգի, այսօր նաև պետք է ցուցմունք տար ամբաստանյալը, սակայն վերջինս, օգտվելով իր իրավունքից, հրաժարվեց այս փուլում ցուցմունք տալ, Նա միջնորդեց ցուցմունք տալ ավելի ուշ:

Դատարանը հրապարակեց գործում առկա փաստաթղթերը:

 

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել