Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, երեք դատավորների՝ նախագահող դատավոր Եվա Դարբինյանի, Սերգեյ Չիչոյանի և Գագիկ Ավետիսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «հարսին ծեծած սկեսուրի» գործով առաջին դատական նիստը:
Դատարանի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, իսկ դրսում նիստերի դահլիճ մտելու համար վիճաբանություն էր սկսվել դատավարության կողմերի և դատական կարգադրիչների միջև:
Դատավոր Եվա Դարբինյանը հայտնեց, որ դատարանը տուժող Մարիամ Գևորգյանի սկեսուրի` ամբաստանյալ Հայկանուշ Միքայելյանի պաշտպան Արթուր Սարգսյանից դիմում-խնդրանք է ստացել: Այնտեղ փաստաբանը տեղեկացնում է, որ զբաղված է այլ դատական նիստով և այդ նիստին ներկայանալ չի կարող, ուստի խնդրում է հետաձգել: Դատարանը որոշեց հարցի քննարկմանն անդրադառնալ ավելի ուշ և հրապարակեց Հայկանուշ Միքայելյանին առաջադրված մեղադրանքը:
Համաձայն մեղադրանքի` Մարիամ Գևորգյանին իր սկեսուրը 2005թ. դեկտեմբեր ամսից մինչև 2008թ. հուլիս ամսին ընկած ժամանակահատվածում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող իրենց տանն առանձին դաժանությամբ, սիստեմատիկաբար դիտավորությամբ հարվածներ է հասցրել, պատճառել ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ, այն է` Մ. Գևորգյանին առանձին տանջանքներ և տառապանքներ պատճառելու դիտավորությամբ, պարբերաբար քաշել է նրա մազերը, պատառաքաղով և եղունգներով ծակծկել է նրա մարմնի տարբեր մասերը, ձեռքերով, ոտքերով, փայտյա գրտնակով, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, կրակայրիչով, հարթուկով վառել մարմնի տարբեր մասերը, բռնի ուժով բացել է բերանը, աղ լցրել, պատճառելով առողջությանը միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող` ձախ ծղիկոսկրի ստորին երրորդականի փակ կոտրվածքի, աջ ձեռքի 5-րդ մատի հիմային ֆալանգի փակ կոտրվածքի, գլխի ճակատային շրջանի և ձախ ականջախեցու սալջարդ վերքերի, ցայլքի և ձախ աճուկային շրջանի արյունազեղման, ձախ բազկի և ձախ կրծքագեղձի կտրած վերքերի, աջ ձեռնաթաթի կտրած ծակած վերքի, ձախ նախաբազկի ծակած վերքերի, կրծքագեղձերի, ձախ նախաբազկի, իրանի գոտկային և որովայնի շրջանի այրվածքների ձևով մարմնական վնասվածքներ:
Եվա Դարբինյանը ներկայացրեց տուժողի և պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքների բովանդակությունը:
Մարիամ Գևորգյանը վերաքննիչ բողոքով դատարանից խնդրում է պատիժը նշանակելիս ղեկավարվել քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով և առավելագույն պատիժ նշանակել սկեսուրին, ինչպես նաև բավարարել իրենց ներկայացրած քաղաքացիական հայցը՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջը` 17 միլիոն 350 հազար ՀՀ դրամը, որը առաջին ատյանի դատարանը մերժել է: Մարիամ Գևորգյանի պաշտպան Նոնա Գալստյանը միջորդել է դատարանին տուժողի նկատմամբ դատադեղագիտական փորձաքննություն անցկացնել:
Հայկանուշ Միքայելյանի պաշտպանն էլ իր վերաքննիչ բողոքով խնդրում է բեկանել ու փոփոխել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և Հայկանուշ Միքայելյանին ազատ արձակել:
Եվա Դարբինյանը հայտնեց, որ երկու կողմ էլ բողոքի վերաբերյալ գրավոր առարկություններ չի ներկայացրել դատարանին:
Հայկանուշ Միքայելյանի պաշտպանի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց: Դատավորները հայտնեցին, որ հաջորդ դատական նիստին ևս չներկայանալու պարագայում իրենք գործը կլսեն առանց պաշտպանի:
Աղբյուրը` Իրավաբան.net