Մի շարք արևմտյան երկրներում բազմաբնակարան շենքի կառավարման համար կարևոր և արդյունավետ միջոց է համարվում համատիրությունը: Հայաստանը 1996թ-ից ևս որոշեց հետևել նման օրինակին:
Նախ ներկայացնենք՝ ո՞րն է համատիրությունը:
Համատիրությունը քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված և իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով ստեղծված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կոոպերատիվ է, որը հիմնադրվում է բազմաբնակարան շենքի կամ շենքերի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման նպատակով:
Իսկ ո՞րն է համատիրության գործունեության հիմնական նպատակները:
Համատիրության գործունեության հիմնական նպատակներն են`
ա) օրենքով սահմանված կարգով իրականացնել բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարումը,
բ) օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնել և պաշտպանել շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր շահերը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական և այլ իրավասու մարմիններում,
գ) իրականացնել այլ խնդիրներ, այդ թվում`կոմունհալ ծառայություններ մատուցողների հետ շենքի կառավարման մարմնի կողմից կնքել պայմանագրեր, որոնք չեն հակասում սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Նշենք, որ համատիրությանը կարող է անդամակցել տվյալ համատիրության մեջ ընդգրկված բազմաբնակարան շենքի կամ շենքերի, շինության ցանկացած սեփականատեր:
Համատիրությանն անդամակցելու համար շինության սեփականատերը նախագահին կամ կառավարչին ներկայացնում է գրավոր դիմում` կցելով համապատասխան շինության նկատմամբ իր սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը:
Շինության սեփականատերը համատիրության անդամ է դառնում դիմումի տրման հաջորդ օրվանից:
Աղբյուր՝ Իրավաբան.net