Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն է տարածվել, թե ընտրողների ռեգիստրում Շենգավիթ համայնքի Կողբի 2-րդ փողոց, 1Ա հասցեում տեղ են գտել հետևյալ ընտրողները.
2954 Մելիքբեգյան Վահան Վոլոդյայի,
2955 Մելիքբեգյան Վարդան Վոլոդյայի,
2956 Մելիքբեգյան Վարուժան Վոլոդյայի:
Տնային գրքույկում երեք եղբայրները հաշվառված չեն, չեն ապրում նշված հասցեում, հետևաբար չեն կարող հաշվառում ունենալ: Այդ մասին ներկայումս նշված հասցում բնակվող Հմայակ Պավլիկի Մկրտչյանը տեղեկացրել է ՀՀ ոստիկանության անձնագրային վարչություն, սակայն, ինչպես տեսնում ենք, այդ քաղաքացիների անունները մնացել են նշված հասցեում:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ վերը նշված անձինք Շենգավիթ համայնքի Կողբի 2-րդ փողոց, 1Ա հասցեի նախկին բնակիչներ են և հաշվառվել են օրենսդրությամբ սահմանված կարգով: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմինը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ` առանց բնակելի տարածության սեփականատիրոջ դիմումի անձին հանելու հաշվառումից և այն, որ բնակելի տարածության սեփականատերը իրավասու է գրավոր դիմում ներկայացնելու բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին կամ տարածքային ստորաբաժանմանը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձին հաշվառումից հանելու խնդրանքով:
Բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին դիմելու վերաբերյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում.
Անձնագրային և վիզաների վարչությունում, Շենգավիթի անձնագրային բաժանմունքում վերը նշված հասցեի սեփականատիրոջ կողմից երևէ նման դիմում չի ներկայացվել: Հետևաբար, ընտրողների ցուցակում բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող անձանց անհատական տվյալների առկայությունը իրավաչափ է և ՀՀ ընտրական օգրենսգրքի իմաստով անճշտություն չի համարվում:
Աղբյուր՝ Իրավաբան.net