Դատական պրակտիկայում լինում են դեպքեր, երբ դատարանին հնարավորություն են տալիս ընտրություն կատարելու գործի քննությունը բանավոր եվ գրավոր ընթացակարգերով իրականացնելու համար, սակայն դրա ընտրությունը պայմանավորված է օրենքով անհրաժեշտ որոշակի վավերապայմաների առկայությամբ:
Օրինակ, ՀՀ վարչական դատավարության օրենգրքի 138-րդ հոդվածի համաձայն՝ օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված գործերը դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:
Նշված հոդվածի մեկնաբանությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածով սահմանված բանավոր քննության համար անհրաժեշտ հիմքերը, մասնավորապես` բանավոր ընթացակարգով գործերի քննությունը կարող է տեղի ունենալ, երբ գործը դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր Պիտեր Բլեդն ընդդեմ Շվեդիայի գործով 10.11.2009 թվականի վճռով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հրապարակային դատաքննության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ հանգամանքների բացառիկությունը, որը կարող է արդարացնել բանավոր լսումների բացակայությունը, ըստ էության բխում է վեճի բնույթից, որը որոշվում է համապատասխան ազգային դատարանների կողմից, այլ ոչ թե նման իրավիճակներում գործերի հաճախականությունից:
Ելնելով նշված իրավական դիրքորոշումից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տվյալ գործով գտել է, որ դատարանների կողմից որոշվող իրավունքի հարցը կարող է լուծվել դիմողի ներկայացրած գրավոր դիմումներով և որ նշված գործում եղել են բացառիկ հանգամանքներ, որոնք արդարացրել են նույն գործով հրապարակային դատաքննության բացակայությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net