ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն` արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ: Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի` արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց վրա, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն: Փաստորեն քրեական նոր օրենքին հետադարձ ուժ է տրվում երեք դեպքում.
1. Եթե նոր օրենքը վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում),
2. Եթե նոր օրենքը մեղմացնում է պատիժը,
3. Եթե նոր օրենքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը:
Այսպես, արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը չի կարող կիրառվել այն հանցագործությունների կապակցությամբ, որոնք կատարվել են մինչև այդ օրենքը ուժի մեջ մտնելը:
Աղբյուրը` Իրավաբան.net