Լյուբով Սուրենի Փիլոյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության, երրորդ անձանց՝ Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ի՝ հարկադիր կատարողի որոշումն առոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Լյուբով Սուրենի Փիլոյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005թ. վճռով հաստատվել է Հայցվորի և «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի միջև կնքված հաշտության համաձայնությունը և կարճվել է գործի վարույթը ըստ հայցի «ԵԿՆ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի ընդդեմ հայցվորի և մյուսների` հաստատված հաշտության համաձայնության մասով։
Հաստատված հաշտության համաձայնությամբ Երևանի քաղաքապետի 25.11.2005 թվականի որոշման հիման վրա հայցվորին՝ որպես նրանից պետական կարիքների համար վերցրված սեփականության` Երևանի Արամի փ. թիվ 38 հասցեում գտնված անշարժ գույքի 1/3 բաժնի դիմաց փոխհատուցում, նույն հասցեում կառուցապատման իրավունքով պետք է տրամադրեր է 332.6քմ. մակերեսով հողամաս և սահմանվել է, որ հետագայում կողմերի միջև փոխհարաբերությունները կկարգավորվեն քաղաքապետի նշված որոշումից բխող կնքվելիք պայմանագրի դրույթներից։
Վերաքննիչ դատարանի վերը նշված վճռի հիման վրա 29.05.2006թ. տրվել է թիվ 05-3374 կատարողական թերթը։ Նշված կատարողական թերթի հիման վրա Պատասխանողի կողմից 30.05.2006 թվականին հարուցվել է թիվ 01/08-148/06 կատարողական վարույթը, որը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Կենտրոնական մարմնի հարկադիր կատարող Գ.Հովհաննիսյանի 18.05.2011 թվականի որոշմամբ ավարտվել է՝ դատական ակտի կատարումը անհնարին լինելու պատճառաբանությամբ։
Դատարանը գտնում է, որ սույն գործով անհիմն է «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշում կայացնելը՝ պատճառաբանությամբ, որ Երևանի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 623-Ա որոշմամբ չեղյալ է ճանաչվել Երևանի քաղաքապետի 25.11.2005 թվականի թիվ 2594-Ա որոշումը, քանի որ հարկադիր կատարողի կողմից չեն ձեռնարկվել օրենքով սահմանված դատական ակտի կատարման համար բոլոր միջոցները, իսկ արդյունքում ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռով կողմերի միջև հաստատված հաշտության համաձայնությունը անկատար է մնացել։
Դատարանը որոշել է Լյուբով Սուրենի Փիլոյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության՝ հարկադիր կատարողի` որոշումն առոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել։
Սույն վճիռը Երևանի քաղաքապետարանի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Աղբյուրը` Իրավաբան.net