Կիրառվեց համաներում, սակայն «Ղարաբաղ» կոմիտեի անդամը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

Այսօր, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ հրապարակվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի գործով դատավճիռը:

Սամսոն Ղազարյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը կատարելու համար: Նրան մեղադրանք էր առաջադրվել նաև նույն օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը վերաորակեց նույն հոդվածի 1-ին կետով: ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ընդունված համաներման մասին որոշմամբ Սամսոն Ղազարյանը ազատվեց 213 հոդվածի 1-ին կետով նշանակված 1 տարվա ազատազրկման պատժի կրումից:

Հիշեցնենք, որ Ս. Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորությամբ, Մեխակ Գաբրիելյանին է տվել 45.139.200 ՀՀ դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նույն ժամանակահատվածից սկսած մինչև 2011 թ. մարտ ամիսը ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված 1 տոկոս տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող ամսեկան 3.5 տոկոս, ապա 5 տոկոս այնուհետև 10 տոկոսի չափով տոկոսային հավելավճարներ, որոնք ընդհանուր կազմել են 70.253.600 ՀՀ դրամին համարժեք 190.725 ԱՄՆ դոլար:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել