Ինչպես յուրաքանչյուր ոք, այնպես էլ հողի սեփականատերերը և օգտագործողները ունեն պարտականություններ, որոնք ամրագրված են օրենքներով:
«Հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված են հողամասի սեփականատերերի և օգտագործողների հետևյալ պարտականությունները.
1. հողամասերն օգտագործել դրանց նպատակային նշանակությանը համապատասխան, ինչպես նաև այնպիսի եղանակներով, որոնք չպետք է վնաս պատճառեն հողին` որպես բնության և տնտեսական օբյեկտի,
2. չխախտել հարևան հողամասերի սեփականատերերի, օգտագործողների իրավունքները,
3. հողամասերում պահպանել սահմանագծային, գեոդեզիական և այլ հատուկ տեղեկատվական նշաններ,
4. բարձրացնել գյուղատնտեսական հողի բերրիությունը, իրականացնել հողի օգտագործման ու պահպանման միջոցառումներ, պահպանել անտառներից, ջրերից և այլ բնական օբյեկտներից օգտվելու կարգը, ինչպես նաև վնաս չպատճառել շրջակա բնական միջավայրին,
5. պահպանել հողերի օգտագործման սահմանված ռեժիմները,
6. օրենսդրությամբ և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերով կամ պայմանագրերով սահմանված հողամասերի յուրացման ժամկետներում ձեռնամուխ լինել հողամասերի օգտագործմանը,
7. ժամանակին կատարել հողամասերի համար վճարումները,
8. հողամասերում իրականացնել շինարարություն, դրանք բարեկարգել, ինչպես նաև դրանց վրա եղած շենքերը և շինությունները պահպանել քաղաքաշինական, հողաշինարարական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և այլ սահմանված պահանջներին (նորմերին, կանոններին, նորմատիվներին) համապատասխան,
9. սահմանված ժամկետներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացնել հողային օրենսդրությամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված տեղեկատվությունը,
10. աջակցել հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինների պաշտոնատար անձանց` սահմանված իրավասության շրջանակներում իրենց լիազորություններն իրականացնելիս,
11. պահպանել և իրենց իրավահաջորդին փոխանցել հողամասերի հատակագծերն ու դրանց նկատմամբ իրավունքների մասին այլ փաստաթղթերը» – նշում է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Հողամասերի սեփականատերերի, օգտագործողների այլ պարտականությունները կարող են սահմանվել օրենքներով և դրանց հիման վրա ընդունված պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերով:
Աղբյուրը` Իրավաբան.net