Այսօր` փետրվարի 11-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց հարևանուհուն ծեծելու մեջ մեղադրվող Դ. Մանուկյանի քրեական գործի քննությունը:
Այսօր Դոնարա Մանուկյանի պաշտպան, Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանն անդրադարձավ նախորդ դատական նիստի ընթացքում իր կողմից ներկայացված միջնորդությանը` տուժողի պաշտպանի կողմից ներկայացված հեռախոսային համարների վերծանման վերաբերյալ ներկայացված փաստաթուղթը չգնահատել որպես ապացույց: Միջնորդեց նաև, որպես ապացույց ճանաչված «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսը համապատասխանաբար դրա միջոցով տուժողի դստեր կողմից ձայնագրառումը ևս չդրվի ապացույցների հիմքում, քանի որ այն վերաբերելի և թույլատրելի չի կարող համարվել` վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության համապատասխան հոդվածները:
Մեղադրանքի կողմը չընդունեց պաշտպանի միջնորդությունը: Մեղադրողի կարծիքին միացան նաև տուժողը և տուժողի պաշտպանը:
Դատարանը ևս մեկ անգամ հորդորեց կողմերին հաշտվել, սակայն կողմերից ոչ մեկն ըստ էության չնախաձեռնեց հաշտության եզրեր գտնել:
Դատարանը անցավ դատական վիճաբանությունների փուլ և, ճառի իրավունքից օգտվելով, մեղադրողը նշեց, որ ըստ 2012թ. վիճակագրական տվյալների` Շիրակի մարզում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի այն է` ծեծի հատկանիշներով գրանցվել է 134 դեպք, որից միայն 5 գործ է հասել դատարան, սակայն այդ 5 գործն էլ դատարանում կարճվել է` տուժողների հաշտվելու կապակցությամբ: Մեղադրողը ևս հորդորեց հաշտվել և նշեց, որ սա միակ դեպքն է, որ կողմերը հաշտության եզրեր չեն փնտրում: Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում մեղադրողը ամբաստանյալի մեղքը հիմնավորված համարեց և միջնորդեց Դ. Մանուկյանին մեղավոր ճանաչել իրեն մեղսագրվող արարքում և դատապարտել տուգանքի 60.000 ՀՀ դրամի չափով, իսկ խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին թողնել անփոփոխ:
Դոնարա Մանուկյանի պաշտպանն իր պաշտպանական ճառում նշեց, որ քննչական գործողություններն իրականացվել են ՀՀ քրեական դատավարության նորմերի խախտումներով, մեղադրանքի հիմքում դրվել են ոչ վերաբերելի և անթույլատրելի ապացույցներ, որոնք պետք է հանվեն ապացույցների զանգվածից: Հավելեց, որ մեղադրանքի հիմքում առկա չէ որևէ ապացույց, որը կվկայի Դ. Մանուկյանի կողմից հանցանք գործելու մասին, այլ ընդհակառակը գործում առկա են բազմաթիվ ապացույցներ, այդ թվում վկաների ցուցմունքներ, որոնք վկայում են որ Դոնարա Մանուկյանը նշված ժամին գտնվել է այլ վայրում և հետևաբար որևէ կերպ չէր կարող ծեծի ենթարկել Կ. Մարտիրոսյանին: Միաժամանակ ավելացնելով, եթե թեկուզև Դոնարա Մանուկյանի այլ վայրում գտնվելու վերաբերյալ ապացույց չներկայացնելը, չէր կարող դիտվել որպես հանցանքը կատարելու համար ապացույց և դրվեր մեղադրանքի հիմքում: Տվյալ դեպքում կգործեր չփարատված բոլոր կասկածների մեկնաբանումը հօգուտ մեղադրյալի:
Ավելացրեց նաև, որ ապացուցման հիմքում դրված տուժողի դստեր ցուցմունքները, ով թեև հանդիսանում է սույն գործով շահագրգռված անձ, ուստի վերջինիս տված ցուցմուքնները չի կարող գնահատվել որպես ապացույց: Դատաքննության ժամանակ տուժողի և վերջինիս դստեր, ով հարցաքննվել է որպես ականատես վկա, ցուցմունքերը հակասական էին, քանի որ տուժողի խոսքերով Դոնարա Մանուկյանը տուժողին հրել է և խփել պատին և թափահարել: Սակայն ըստ տուժողի դստեր տված ցուցմունքի Դոնարա Մանուկյանը ձեռքերով հարվածել է տուժողին: Չապացուցվեց նաև այն, որ թեև ըստ հեռախոսազանգերի համարների վերծանման տուժողը զանգել է ոստիականության բաժին, սակայն թե ինչի համար` ապացուցված չէ: Նշեց նաև, որ առկա է տեղեկանք, որ դեպքի օրը տուժողի կողմից դեպքի առնչությամբ հաղորդում չի գրանցվել: Անդրադառնալով դատաբժշկական փորձաքննության եզակացությանը, նշեց, որ հարվածը հասցվել է կոշտ առարկայով, սակայն պատին հարվածելով, հնարավո՞ր է համարել այն որպես կոշտը, բութ առարկայով հարված: Հավելեց նաև, որ տուժողը տեսախցիկ է տեղադրել իրենց մուտքի մոտ և եթե ծեծկռտուք լիներ, ապա տեսախցիկը անպայման կարձանագրեր փաստը: Ավելացրեց, որ մեղադրանքում չկա որևէ հիմնավոր ապացույց, ինչը թույլ կտար հաստատելու իր պաշտպանյալի մեղավորությունը իրեն մեղսագրվող արարքում:
Ամբաստանյալի վերջին խոսքի համար դատարանը դատական նիստը հետաձգեց, ևս մեկ հնարավորություն տալով հաշտվել նույն հարթակում բնակվող հարևաններին:
Հաջորդ դատական նիստ նշանակվեց փետրվարի 20-ին ժամը 10:00-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net