Բազմիցս խոսել ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ 1985 թվականի օրենսգրքի (ՎԻՎՕ) փոփոխման անհրաժեշտության մասին: Չանդրադառնալով օրենսգրքում վաղուց գոյություն չունեցող հասկացությունների (Գերագույն խորհուրդ, ԽՍՀՄ օրենսդրություն, միութենական հանրապետություն, ժողովրդական դատավոր, ընկերական դատարան և այլն) առկայության խնդրին` քննարկենք հարկային օրենսդրության և ՎԻՎՕ-ի բազմաթիվ հակասություններից մեկը:
Այսպես` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն` հարկերը սահմանված ժամկետներում չվճարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000-20 000 ՀՀ դրամի չափով:
Իսկ «Հարկերի մասին» օրենքի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:
Նշված չափերով օրական տույժերը կիրառվում են, եթե հարկային օրենսդրությամբ ավելի նվազ չափ սահմանված չէ:
Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարների (այդ թվում նաև հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային մուծումների գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
Ինչպես տեսանք, միևնույն արարքի համար նախատեսված է երկու պատասխանատվության միջոց, ընդ որում` առկա է նաև պատասխանատվության չափերի անհամաչափություն:
Որպես կանոն` օրենքը խախտելն առաջացնում է վարչական կամ քրեական պատասխանատվություն: Սակայն որոշ ոլորտներում, այդ թվում հարկային օրենսդրության մեջ, սահմանվել են պատասխանատվության ուրույն միջոցներ` հարկային պատասխանատվություն:
Անգամ եթե իրավակիրառ պրակտիկայում իրավակիրառողները կողմնորոշվում են այս կամ այն պատասխանատվությունը (վարչական կամ հարկային) կիրառելիս, անհրաժեշտ է համակարգել օրենսդրությունը, ընտրություն կատարել պատասխանատվության միջոցների հարցում:
Վերոնշյալ երկակիությունը պարունակում է նաև կոռուպցիոն ռիսկեր. մեկ իրավախախտի նկատմամբ կարող է կիրառվել վարչական, մյուսի նկատմամբ` հարկային պատասխանատվություն, իսկ դրանց չափերը, ինչպես արդեն նշվեց, տարբեր են:
Արդյունքում խախտվում է օրենքի առջև հավասարության, իսկ որպես հետևանք` նաև օրինականության սկզբունքը:
Բացի այդ, առաջանում է մեկ այլ հարց` արդյո՞ք հարկային պատասխանատվության ենթարկելը բացառում է վարչական պատասխանատվությունը: Օրենսդրությունը չի տալիս այս հարցի պատասխանը, ուստի հստակեցման կարիք ունեցող հարցերը ավելանում են:
Սերինե Խաչատրյան
Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու
Աղբյուրը՝ Իրավաբան.net