ՀՀ Նախագահի փետրվարի 7-ի հրամանագրով դադարեցվել են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արշակ Շահոյանի և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Աղաբեկյանի լիազորությունները:
Հիշեցնենք, որ Իրավաբան.net-ը իր «Ի՞նչ պատճառներով են իրենց լիազորությունների դադարեցման դիմումներ գրել երկու դատավորները՝ ֆիզիկական արատների, թե՞ հիվանդությունների» հոդվածում անդրադարձել էր այս հարցին:
Ցավալին այն է, որ մինչև այսօր Արդարադատության խորհուրդը ամբողջական տեղեկատվություն չի տրամադրել հանրությանը, թե ի՞նչ պատճառներով են իրենց լիազորությունների դադարեցման դիմումներ գրել երկու դատավորները՝ ֆիզիկական արատների՞, թե՞ հիվանդությունների: Ավելին, ո՞ր ֆիզիկական արատների և հիվանդությունների, քանի որ դրանց ցանկը բավականին տպավորիչ է:
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի Հոդված 8-ում թվարկված են հինգ դեպքեր, երբ տեղեկատվությունը կարող է մերժվել։ Դրանք այն դեպքերն են, երբ տեղեկությունները՝
1) պարունակում են պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք,
2) խախտում են մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրային և այլ հաղորդումների գաղտնիությունը,
3) պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ,
4) բացահայտում են մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք),
5) խախտում են հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։
Դատավորների ֆիզիկական արատների և հիվանդությունների վերաբերյալ տվյալները «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով չեն համարվում բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ, քանի որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ եթե առերևույթ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը, ապա արդարադատության նախարարը և վճռաբեկ դատարանի նախագահը համատեղ դիմում են իրավասու պետական մարմին` դատավորի բժշկական զննությունը կազմակերպելու համար, որը դատավորը պարտավոր է անցնել և եթե զննության արդյունքում հիմնավորվում է, որ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը, ապա վճռաբեկ դատարանի նախագահը համապատասխան միջնորդություն է ներկայացնում Արդարադատության խորհրդին:
Փաստացի սա նշանակում է, որ «բժշկական գաղտնիքը»՝ դատավորների բժշկական զննության արդյունքները, այս դեպքում հասու են դառնում բժշկական հաստատության շրջանակներից դուրս գտնվող անձանց՝ ՀՀ արդարադատության խորհրդի անդամներին, դրանով իսկ հաստատելով, որ այդ տեղեկությունները այլևս բժշկական գաղտնիք չեն համարվում, այլապես դրանք, առանց բուժզննություն անցած անձանց համաձայնության, բժշկական հաստատությունից դուրս չէին հանվի և կպաշպանվեին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով:
Իրավաբան.net-ը կփորձի գրավոր հարցման միջոցով վերոհիշյալ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ և դրանք ներկայացնել իր ընթերցողներին:
Հ.Գ.
Ըստ դատավոր Արշակ Շահոյանի թոռնիկի՝ Էդգար Կարապետյանի տեղեկատվության, իր պապիկի՝ դատավոր Արշակ Շահոյանի լիազորությունների դադարեցման պատճառը ինսուլտն է:
Աղբյուրը` Իրավաբան.net