Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանային միավորների կիրառման («բալային» ) համակարգը դրական գաղափար է, անհրաժեշտ էր՝ հաշվի առնելով նաև վիճակագրական տվյալները և այն նպաստելու է իրավախախտումների կանխմանը, սակայն հասարակությունն այժմ բաժանված է 2 մասի. մի մասը դեմ է այս համակարգին, անկախ դրա դրական և բացասական կողմերը, մյուս մասը խնդիրներ է տեսնում իրավակիրառ պրակտիկայում: Այս ամսին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Հանրային իրավունքի զարգացման և փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիր, ի.գ.թ. դոցենտ Թամարա Շաքարյանը:
Նրա խոսքով, տուգանային միավորի համար սահմանված 9 միավորը խիստ է: «Եթե նայում ենք միջազգային փորձը, կարող ենք արձանագրել, որ օրինակ Ֆրանսիայում 12 տուգանային միավոր է նախատեսված, Լեհաստանում՝ 24, Իսրայելում՝ 22, Բելառուսում ու Մոլդովայում 15, լատվիայում՝ 16, եթե համեմատական կարգով ենք նայում՝ խիստ է: Կարող ենք նաև ասել, որ Գերմանիայում այժմ 8 տուգանային միավոր է կիրառվում, բայց ի սկզբանե ներդրվել է 18, այնուհետև՝ տարիերի ընթացքում, ամրագրվել է 8 միավոր»,-նշում է իրավաբանը:
Թամարա Շաքարյանի խսքով, Գերմանիայում կայանման համար տուգանային միավոր նախատեսված չէ, իսկ Հայաստանում սխալ կայանման համար նախատեսված է 0,5 տուգանային միավոր: «Երևանում կայանման խնդիրների պարագայում տուգանային միավոր կիրառել, եթե այն երթևեկության այլ մասնակիցների չի խոչընդոտում, կամ հետիոտնային անցումների վրա չի կատարվել, այլ, օրինակ, վարորդը կայանել է տաքսու ցուցիչի տակ, արդյո՞ք դա ունի հանրային այն վտանգավորությունը, որի համար պետք է վարորդին տուգանային միավորով տուգանեն, թեպետ, այո՛, դա էլ խախտում է»,-ասաց նա:
Իրավաբանը նշում է նաև, որ Գերմանիայում տուգանային միավորներ կիարռվում են ոչ միայն վարորդների, այլ հետիոտների ու հեծանվորդների նկատմամբ ևս:
Տուգանային միավորների սպառման դեպքում վարորդական իրավունքի վկայականի կասեցման և խնդրահարույց այլ կետերի մասին մանրամասները՝ տեսանյութում:
Ալիսա Չիլինգարյան