Այսօր` հունվարի 31-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` Հ. Միքայելյանի նախագահությամբ, կայացավ հերթական նախնական դատական նիստը` ըստ հայցի Կարլեն Ղալաչյանի`ընդհանուր սեփականության գույքից բաժին առանձնացնելու պահանջի մասին:
Դատական նիստին ներկա էին հայցվորը և վերջինիս ներկայացուցիչ փաստաբան Էդուարդ Աղաջանյանը, ինչպես նաև պատասխանողը և նրա ներկայացուցիչ փաստաբան Աննա Դավթյանը:
Նշենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր պատասխանողի ներկայացուցչի միջորդության կապակցությամբ` վերջինս խնդրել էր ժամանակ տրամադրել ծանոթանալու սույն գործով «Պ. Ա. Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությանը` գույքը առանձնացնելու հնարավոր տարբերակների վերաբերյալ:
Դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը նշեց, որ «Պ. Ա. Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունն ամբողջական չէ և եզրակացությունում առկա չափագրման արդյունքում նշված չափերը չի համապատասխանում սեփականության վկայականում առկա չափերին: Բացի այդ` եզրակացությյան մեջ ըստ էության նշված չէր, թե ինչպե˚ս է նպատակահարմար և ի˚նչ հատվածով պետք է բաժանումը կատարել: Խնդրի լուծման համար հայցվորի ներկայացուցիչը միջնորդեց դատարան հրավիրել մասնագետին, որպեսզի պարզաբանվի բոլոր մասնագիտական հարցերը: Դատարանը, լսելով նաև մյուս կողմին և համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետի, բավարարեց միջնորդությունը:
Նշենք նաև, որ հայցվոր կողմը բացի «Պ. Ա. Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի դիմել էր նաև այլ համապատասխան արտոնագրված մասնագետի, սակայն վերջինիս կողմից տրված մասնագիտական եզրակացությունը թերի էր և իրարամերժ, չէր համապատասխանում ք. Գյումրի Կամոյի փող. թիվ 55 հասցեի սեփականության վկայականին, ինչպես նաև չէր համապատասխանում «Պ. Ա. Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի մասնագետի կողմից տրված եզրակացության հետ: Ուստի, դատարանը որոշեց տվյալ եզարակացությունը չկցել սույն քաղաքացիական գործին:
Եվ քանի որ գործը նախնական փուլում է, ուստի, հայցվորի ներկայացուցիչը ՀՀ քաղաքացիական դատավարության համապատասխան դատարանին դիմում ներկայացրեց, որով լրացրեց հայացապահանջը, մասնավորապես` կարիքն առաջանալու դեպքում հայցվոր կողմը պատրաստ է վճարել փոխհատուցում` կապված գույքի բաժանման հետ`եթե ապագայում գույքի բաժանման հետ կապված տարբերություն առաջանա: Վերջինս ժամանակ խնդրեց, որպեսզի դատարանին ներկայացնի թե’ անշարժ գույքի, թե’ հողամասի յուրաքանչյուր քմ-ի շուկայական արժեքի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ: Պատասխանող կողմը չառարկեց հայցապահանջը լրացնելու մասին հայցվորի պահանջը և դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 32րդ հոդվածի դրույթներով ընդունեց դիմումը:
Հաջորդ դատական նիստ նշանակվեց սույն թվականի փետրվարի 8-ին ժամը 16:00-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net