Հայտնի են Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան մանրամասները

Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը մահացել է Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում, մասնավոր գարեջրատանը  տեղի ունեցած պայթյունից:

Այս մասին հաղորդում է Interfax.ru-ը: Դեպքի վայրում փրկարարները հայտնաբերել են 2 մահացածի մարմին։

Ստավրոպոլի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հաստատել են Կարապետյանի մահվան լուրը։

Գարեջրատան տարածքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, ժամը 6:40-ին: Պայթյունի պատճառ է դարձել անվտանգության պահանջների չպահպանումը: Պայթյունից հետո հրդեհ է սկսվել և մասնակիորեն այրվել է մասնավոր շինությունը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Աղբյուրը հայտնում է նաև, որ արտադրամասը չի ունեցել գազի միացման թույլտվություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աշոտ Կարապետյանը «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակ ուներ:  Նա այդ կարգավիճակով ՀՔԾ-ում հարցաքննվել էր:

Հիշեցնենք, որ Աշոտ Կարապետյանը 2013 թ.ապրիլի 15-ին ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ։

Աշոտ Կարապետյանն օգոստոսի 8-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Այդ ժամանակ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել են կարգապահական տույժերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել