Սա առավելապես հին Հայաստանում ձևավորված կարգ է․ Արման Բաբաջանյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին

Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 18-ին քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուների հարցը։

«Ես առաջին օրից դեմ եմ եղել այս կարգով ԿԿ հանձնաժողովի ձևավորմանը, այն նախագծին, որ բերեց Ազգային ժողովի նախագահը և բնականաբար վերապահումները մեծապես կապված են մրցութային կարգին և դրա չեզոքացմանը։ Մենք այդ կարգը հիմնավորապես դուրս դրեցինք, ինչը ոչ միայն պահանջն էր ներքին մեր քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի, նաև, ինչու չէ՝ միջազգային հանրության այն հանձնարարականների, այն սկզբունքների, որոնց մենք պետք է հետևեինք»,-մտքերի փոխանակամն ժամանակ ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նրա խոսքով, կոռուպցիան և կոռուպցիայի դեմ պայքարը եղել է հեղափոխության գլխավոր շարժառիթը։ «Թերևս օրենքի նախագծի նախկին քննարկման ժամանակ ես ասում էի, որ սա առավելապես հին Հայաստանում ձևավորված կարգ է, ինչից մենք պետք է առավելապես խուսափենք և մեզ ավելի նոր լուծումներ գտնենք, այնինչ, մենք ունեցանք մի իրավիճակ, երբ չկարողացանք ՔՀԿ սեգմենտների միջև լուծումներ գտնենք և պետությունը, իշխանությունը գնաց ամենահեշտ տարբերակով։ Խմբակցություններով եկան համաձայնության և այսպիսի լուծում տրվեց»,-նշեց պատգամավորը։

Արման Բաբաջանյանը նաև նշեց, որ ընդդիմությանը հնարավորություն է տրվել ներկա լինել ու չբարձրաձայնել այն հարցերը, որոնք նախկինում բարձրաձայնում էր։

«Օրենքի վերջնական տարբերակից դուրս մնաց հանձնաժողովի խորհրդի կազմի ընտրության կազմում մրցակցային սկզբունքի կիրառման պահանջը, ինչի արդյունքում խորհուրդը և հանձնաժողովը ձևավորվում են իշխանության գերակայության սկզբունքի հիման վրա և դրա արդյունքում հակակոռուպցիոն հանձնաժողովի ու դրա խորհրդի կազմից դուրս են մնում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք անուրանալի դեր ունեն մեր երկրում՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։ Առանց հակակոռուպցիոն ուղղվածություն ունեցող հանրային միավորների մասնակցության, մենք չենք կարող արդյունավետ ձևով կանխարգելել կոռուպցիան մեր երկրում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել