Ինչու՞ նախատեսված ժամկետներում չի կատարվել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վարչապետի հանձնարարականը

Կառավարությունը սեպտեմբերի 19-ին որոշում է ընդունել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, գնման ընթացակարգերի կազմակերպման և ՀՀ կառավարության 2019 թ. օգոստոսի 1-ի N 980-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

Այն վերաբերում էր Գյումրիում ավտոմաքսազերծման գործառույթներն իրականացնելու համար նախատեսված ավտոմաքսատան կառուցման ծրագրին: 

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ սա արդեն 3-րդ փուլային նախագիծն է, որ ներկայացվում է կառավարության քննարկմանը: Նախագծով նախատեսվում է հատկացնել 970 միլիոն 400 հազար դրամ: Գումարը նախատեսված է վերակառուցման աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար և իրականացվելու է մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով:

Ի պատասխան վարչապետ Փաշինյանի հարցադրման առ այն, որ հոկտեմբերին նախատեսված է ավտոմաքսատան բացումը Գյումրիում նախանշված ժամկետների առումով որևէ խնդիր կա՞, Դավիթ Անանյանը նշել է, որ ժամկետները կպահպանվեն: «Այո, տեղավորվում ենք, պարոն վարչապետ, թեև ինչ-որ մի փուլի կարող է անցնենք 24-ժամյա աշխատանքային ռեժիմով, բայց հոկտեմբերի 11-ը՝ նախանշված ժամկետը, մեկնարկի առումով մնում է նույնը, կապված Ձեր Հայաստանում լինել-չլինելու հետ՝ օրը կարող է փոխվել փաստացի՝ Ձեր ներակյացմամբ բացման արարողության համար, բայց փաստացի ամսի 11-ից գործելու է»,-նշել է ՊԵԿ նախագահը։

Վարչապետն այս մասին իր խոսքում ասաց. «Այս մեխանիզմով սա արդեն մեր 3-րդ որոշումն է, որ մենք կայացնում ենք և հաշվի ենք առնում, որ Գյումրիի մաքսատան կառուցումը տեղի է ունենում արտակարգ ռեժիմով: Այս պատճառով, և դա կարևոր է, որ հենց այդ ժամկետներում տեղի ունենա, որպեսզի նաև որոշակի ավտոմեքենաների ներկրման ակտիվ փուլում աշխատի։ Հույս ունեմ ամեն ինչ նորմալ կընթանա»:

Սեպտեմբերի 19-ի նիստից ուղիղ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 19-ին, վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել այն մասին, որ այս տարվա ապրիլի 9-ին՝ ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ։

«Այսօր այցելել եմ Գյումրի՝ ծանոթանալու արտաքին տնտեսական գոտու, այդ թվում ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին»,-նշել էր նա։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/444491809527651/

Հարկ է նշել, որ հոկտեմբերի 19-ին, երբ վարչապետը ծանոթանում էր շինաշխատանքների ընթացքին, արդեն 8 օր անցել էր նախապես որոշված ժամկետից և փաստացի, վարչապետը Գյումրի պետք է այցելեր, ոչ թե կառուցման աշխատանքներին ծանոթանալու, այլ մաքսատան բացման արարողությանը մասնակցելու համար։ 

Գյումրի կատարած այցի վերաբերյալ կառավարության մամուլի հաղորդագրությունում նշվում է․ «Զեկուցվել է, որ կենտրոնի մի հատվածը, որտեղ կկենտրոնացվեն ավտոմաքսատան գործառույթները, շահագործման կհանձնվի 2019 թվականի նոյեմբերի սկզբին»։

Հետհայացք գցենք կառավարության կողմից ընդնունված նախորդ որոշումներին ևս։ 

Օգոստոսի 1-ին, կառավարությունը որոշում էր ընդունել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ եկամուտներն ու ծախսերն ավելացնելով 181 միլիոն դրամով, որը հատկացվել է ՊԵԿ-ին։ 

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այդ ժամանակ ևս նշել էր, որ որոշման նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի՝ 2019 թ. ապրիլին Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ընթացքում տրված հանձնարարականի շրջանակում: 

«Այսօրվա մեր ունեցած հնարավորությունները, թե՛ ենթակառուցվածքային, թե՛ մարդկային, հնարավորություն չենք ունենալու սպասարկենք աննախադեպ սպասվող ծավալները, դրա համար մենք շատ հրատապ և շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը՝ վարչապետի հանձնարարությամբ»,-նշել է ՊԵԿ նախագահը։ 

Նրա խոսքով, 181 միլիոն դրամից 41 միլիոն դրամը նախատեսված է մեկ անձից գնում կատարելու միջոցով նախագծա-նախահաշվային, երկրաբանական-հետախուզական և հողի հիմքի ուսումնասիրությունների ծառայությունների, իսկ 140 միլիոն դրամը՝ վարչական սարքավորումների ու ընդհանուր բնույթի այլ ծառայությունների ձեռքբերման համար: 

Կենտրոնի համար հատկացվելու է Գյումրիում՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող 21,5 հա զբաղեցնող տարածքը, որից 4,5 հա-ն՝ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման գործընթացների համար: 

Նշվում է նաև, որ Գյումրիում արտաքին գործունեության սպասարկման կենտրոնի և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 2.2 միլիարդ դրամ:

Դավիթ Անանյանը նաև հավելել է, որ սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ պետություններից, այդ պատճառով էլ հրատապ և արագ կարգով ձեռնարկվել է այս նախագիծը (այս տարվա հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներկրվել է 68 հազար ավտոմեքենա, իսկ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար մեքենա):

Օգոստոսի 8-ին, կառավարության  N 1020-Ն որոշմամբ բյուջեում կրկին վերաբաշխում է կատարվել, ինչպեսև կազմակերպվել են գնման ընթացակարգերը։ 

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

ՊԵԿ-ին հատկացվել է ևս 966 միլիոն 480 հազար դրամ։ Նախագծի որոշման համաձայն, այս միջոցներն ուղղվելու են ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը, որի վերաբերյալ որոշումն ընդունվել էր ՀՀ կառավարության օգոստոսի 1-ին կայացած նիստում: 

«Կառավարության որոշման 8 հավելվածում նշված գնման առարկաների ձեռքբերումներն իրականացվելու են մեկ անձից գնման ձևով և գնման գործընթացին մասնակցելու համար հրավեր է ուղարկվելու շինարարական աշխատանքների կատարման համար «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին, իսկ շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ «Շին ինդուստրիա ԳՏԿ» ՍՊԸ-ին»,- նիստի ժամանակ ներկայացրել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց է ուղղել ՊԵԿ նախագահին․ «Պարոն Անանյան, մեկ անձից գնման պարագայում ո՞նց ենք անելու, որ ճիշտ գին, ճիշտ գումար ծախսվի այդ նախագծի իրականացման համար»։ Ի պատասխան որի, Դավիթ Անանյանը նշել է, որ նախագծա-նախահաշվային աշխատանքները իրականացվում են նախագծողների կողմից և շուկայի հիման վրա շինարարը չի որոշում արժեքը, այլ նախագծողը, որին նախորդ կառավարության նիստին, էլի մեկ անձից գնում կատարալեու միջոցով ընտրել են։ «Փորձաքննության արդյունքներով հաստատվելու է և նոր՝ ֆինանսավորումը ապահովվելու»,-նշել է Դավիթ Անանյանը։ 

Վարչապետը խնդրել է շատ ուշադիր լինել, որպեսզի «ունքը սարքելու տեղը աչքը չհանվի»։

Ընդհանուր առմամբ, ՊԵԿ-ին արդեն տրամադրվել է շուրջ 2 միլիարդ 117 միլիոն 880 հազար դրամ։ 

Հավելենք նաև, որ Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծը՝ ավտոմաքսատան հասցեի վերաբերյալ։ Այն կտեղակայվի Շիրակի մարզի Հյուսիսային մաքսատուն-վարչության Թբիլիսյան խճուղի 2/14 հասցեում։

Ինչպես տեսնում ենք վերոնշյալ որոշումներում և վարչապետ-ՊԵԿ նախագահ երկխոսություններում՝ Գյումրիի ավտոմաքսատան կառուցումն ու գործարկումը հրատապ կատարվելիք աշխատանք էր, ինչը փաստում է՝ վարչապետի հանձնարարականը չի կարատվել։

Սրանից բխում է նաև հաջորդ հարցը․ եթե այն այնքան էլ շտապ չէր ու նախապես պլանավորված ժամկետները խախտվել էին, ինչու՞ մրցույթ չի հայտարարվել և գործարքները կատարվել են մեկ անձից գնման պայմանագրով։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել