Քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում․ ՀՔԾ

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում:

Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են ՀՔԾ-ից։

Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին (Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով)։

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար:

Դիմումի մանրամասները Արման Բաբաջանանը ներկայացրեց գլխավոր դատախազության դիմաց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել