Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը սեպտեմբերի 24-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովում հանդես է եկել 2018թ․ փետրվար-մարտ ամիսներին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից պատգամավոր Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու օրինականությունը վիճարկելու առաջարկով։
Այս մասին պատգամավորը գրում է.
«ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավարին առաջարկել եմ ծանոթանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի իմ գործընկերների հետ պատրաստած հետևյալ առաջարկություններն ու հիմնավորումները, ինչպես նաև ապահովել դրանց որոշների իրավական ընթացքը.
«2018 թվականի փետրվարի 16-ին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը, ով նույն օրը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում: Այդ ժամանակ պրն. Թովմասյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում չի ներկայացրել և շարունակել է որպես պատգամավոր իր գործունեությունը՝ փետրվարի 21-ին մասնակցելով, օրինակ, պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:
Արդեն մարտի 1-ին պատգամավորները ԱԺ-ում քննարկել են սահմանադրական դատարանի անդամի նշանակման հարցը և մարտի 2-ին կայացած քվերակության արդյունքում՝ 2 անվավեր ճանաչված քվեաթերթիկով, 64 կողմ և 27 դեմ ձայներով Հրայր Թովմասյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի անդամ: Նույն օրը երդվելով Ազգային ժողովում Հրայր Թովմասյանը փաստացի ստանձնել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը, իսկ ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺՈ-008-Ա որոշումը:
Փաստացի սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը սահմանադրական դատարանի դատավորի (անդամ) պաշտոնը ստանձնել է, երբ դեռ վայր չէր դրել պատգամավորական մանդատը, իսկ Սահմանադրության 95-րդ հոդվածով սահմանված պատգամավորական մանդատի հետ անհամատեղելիության պահանջի համաձայն. «Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»:
Հիշեցնեմ, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածով սահմանված Աժ պատգամավորի պարտականությունների համաձայն, ի թիվս այլնի, պատգամավորը պարտավոր է ապահովել պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարումը:
Տեղեկացնեմ, որ մասնագիտական խմբի հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք Հրայր Թովմասյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը նշել է. «…Հրայր Թովմասյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնից հրաժարականի դիմում չի ներկայացրել: Այդ հարցը կարգավորվել է 2015 թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածով և ՀՀ Ազգային ժողովի 2018թ. մարտի 2-ի ԱԺՈ-008 որոշման համաձայն»:
Ավելին, հարցմանն ի պատասխան տրամադրված փաստաթղթի պատճեից պարզ է դառնում, որ մարտի 2-ին Արա Բաբլոյանը ստորագրել է N 2 արձանագրությունը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին՝ հիմք ընդունելով Սահմանադրոթյան 95-րդ հոդվածը և ԱԺՈ-008 որոշումը, դրանով իսկ փաստելով, որ Հրայր Թովմասյանը չի ապաովվել պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարումը և Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, այն է. «Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում», վաղաժամկետ դադարեցվել է իր լիազորությունները:
Հարկ եմ համարում նշել, որ նման արձանագրություն ընդունելու լիազորություն ՀՀ ԱԺ նախագահը չի ունեցել, քանի որ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասով պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար անհրաժեշտ էր առաջնորդվել Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված ընթացակարգով՝ դիմելով Սահմանադրական դատարան, որպեսզի լուծի այդ հարցը: Սակայն հաշվի առնելով, որ այդ ժամանակ ուժի մեջ մտած չի եղել Սահմանադրության 168-րդ հոդվածը (այն ուժի մեջ էր մտնելու նույն թվականի ապրիլի 9-ից հետո) ապա առաջնորդվելով Կանոնակարգի 5-րդ հոդվածով իրեն վերապահված լիազորություններով՝ ԱԺ նախագահը կարող էր հրավիրել ԱԺ խորհրդի նիստ, որտեղ կքննարկվեր այդ հարցը և առաջնորդվելով Կանոնակարգի 157-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով որոշում կկայացվեր: Ի դեպ, պետք է նաև ավելացնել, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող էր մեկ ամսվա ընթացքում պատգամավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան և այդ ժամկետի ընթացքում արդեն իսկ ուժի մեջ մտած կլիներ Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ մասը:
Բացի այդ՝ ԱԺ նախագահը կարող էր հանդես գալ նախաձեռնությամբ և Սահմանադրության և
Կանոնակարգի համաձայն՝
1) հրավիրել խորհրդակցություններ,
2) խմբակցություններին առաջարկել ստեղծել ժամանակավոր հանձնաժողով,
3) ստեղծել քննիչ հանձնաժողով,
4) կազմակերպել հրատապ թեմայով քննարկում և այլն:
Մինչդեռ ԱԺ նախագահը առաջնորդվելով այդ պահին չգործող նախկին ԱԺ կանոնակարգ օրենքի 18-րդ հոդվածի կարգավորումներով՝ կազմել է ոչ իրավաչափ արձանագրություն, որով վաղաժամկետ դադարեցված է համարել ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ իր կարգավիճակով չպայմանավորված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու համար:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ԱԺ նախագահի կողմից ոչ իրավաչափ արձանագրության ստորագրումից հետո, նույն օրը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է հրավիրել և «Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին տալու վերաբերյալ»:
Հետաքրքիր է, որ այս հաղորդագրության մեջ օգտագործվել է ԱԺ նախագահի կողմից ստորագրված արձանագրության անվանման յուրովի խմբագրված տարբերակ՝ «լիազորությունները դադարած համարելու մասին», մինչդեռ բնօրինակում նշված է «լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին»:
Արդյունքում ունենում ենք մի իրավիճակ, երբ որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորի մանդատը տվել է ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ համարին, մինչդեռ փաստացի Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված կամ դադարած չեն եղել:
Ուստի անհրաժեշտ է.
ա) իրավական գնահատական տալ, թե ինչու՞ է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել 2018 թվականի մարտի 2-ի N 2 արձանագրությունը, ինչը փաստացի չի բխել իր պաշտոնեական լիազորություններից,
բ) ինչու՞ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով ԱԺ նախագահի ստորագրած ոչ իրավաչափ արձանագրությունը, պատգամավորական մանդատը տվել Տաճատ Վարդապետյանին:
Վերոնշյալ հանգամանքները հիմք ընդունելով՝ գտնում եմ, որ ՀՀԿ անդամ և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ իր պաշտոնեական լիազորություններից չբխող գործողություններին պետք է տրվի քրեաիրավական գնահատական, իսկ իր կողմից ստորագրված արձանագրությունը և դրա հիման վրա կազմված կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը պետք է առոչինչ ճանաչվի՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով:
Հարկ է նկատի ունենալ, որ պր. Թովմասյանը ԱԺՈ-008 որոշմամբ նշանակվելով ՍԴ անդամ և ԱԺՈ-009 որոշմամբ՝ ՍԴ նախագահ և միաժամանակ հանդիսանալով ԱԺ պատգամավոր խախտել է նաև տվյալ պահին գործող (2005թ. խմբագրությամբ) Սահմանադրության 98-րդ հոդվածով (ներկայիս 164-րդ հոդվածի 6-րդ մաս) սահմանադրական դատարանի անդամին ներկայացվող անհամատեղելիության պահանջը, որի համաձայն՝ «Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իրենց պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:»:
Վերոգրյալը հիմք ընդունելով՝ գտնում եմ, որ Ազգային ժողովը, հաշվի առնելով Կանոնակարգի 109-րդ հոդվածի 1-ին մասի կանոնակարգումները, պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ պահանջելով դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները, քանի որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նա խախտել է Սահմանադրությամբ (164-րդ հոդվածի 6-րդ մաս) և նշված օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները»»: