ԱՄՆ դեսպանատան ներկայացրած կեղծ ատեստատն իրեն հաջողություն չբերեց

Երևանի Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում գործն ըստ մեղադրանքի Հակոբ Խրիմյանի, Աննա Թամազյանի, Ռաֆայել Կարապետյանի:

 

 

Հակոբ Խրիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի թիվ 97 ավագ» դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն, իրականացնելով կառավարչական գործառույթներ, Երևանի «Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 հիմնական» դպրոցի փոխտնօրեն Աննա Վալերիի Թամազյանի միջոցով 2011թ. սեպտեմբեր ամսին ապօրինաբար պահանջել և ստացել է 184.560 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՍՆ դոլար առևտրային կաշառք՝ Ռուբեն Արմիկի Ավագյանի անվամբ տասնամյա կրթության ատեստատ տալու դիմաց։

 

 

Հանցավոր նպատակն իրագործելու համար Հակոբ Խրիմյանն իր լիազորությունները դպրոցի շահերին հակառակ և Ռուբեն Ավագյանի օգտին օգտագործելու նպատակով Աննա Թամագյանին է տրամադրել իր աշխատասենյակի պահարանի արխիվային մասում պահվող խորհրդային նմուշի կնիքված, չլրացված ԱԲ249511 համարի Երևանի թիվ 198 դպրոցի միջնակարգ կրթության ատեստատը, չարաշահելով իր լիազորությունները՝ պետության իրավունք ներին ու օրինական շահերին պատճառել է էական վնաս։

 

 

Դրանից հետո, Հակոբ Խրիմյանն Աննա Թամազյանի հետ նախնական համաձայնությամբ, իրավունք վերապահող, ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող 1Բ249511 համարի Երևանի թիվ 198 դպրոցի միջնակարգ կրթության ատեստատը 2011թ. հոկտեմբեր ամսին իրացրել է վերջինիս, որից հետո Աննա Թամագյանն անձամբ նշված ատեստատի մեջ կատարել է ակնհայտ կեղծ գրառումներ, որոնք հավաստել են այն մասին, որ Ռուբեն Ավագյանն ավարտել է նշված դպրոցը։

 

 

Բացի այդ, Հակոբ Խրիմյանը 2011թ. օգոստոսի 23-ին Ռաֆայել Հրայրի Կարապետյանից և վերջինիս հայր, հանգուցյալ Հրայր Կարապետյանից տեղեկացել է, որ Ռաֆայել Կարապետյանը գումարի դիմաց ցանկանում է ձեռք բերել իր անվամբ լրացված միջնակարգ կրթության ատեստատ՝ ԱՄՆ-ի դեսպանատուն ներկայացնելու նպատակով։ Դրա դիմաց 2011թ. օգոստոսի վերջին պահանջել և Հրայր Կարապետյանից իր աշխատավայրում ստացել է 256.606 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար, որից 146.632 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՍՆ դոլարը 2011թ. օգոստոսի վերջին Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառի տարածքում նախնական համաձայնությամբ տվել է գործով չպարզված «ոմն Վառիկին» և իրացնելու նպատակով ձեռք է բերել ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող միջնակարգ կրթություն ստանալու վերաբերյալ ԱԱ264837 համարի «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոց» կլոր կնիքով կնիքված ատեստատ։ Դրանից հետո անձամբ և գործով չպարզված մեկ այլ անձի միջոցով իրավունք վերապահող, ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող ատեստատի մեջ կատարել են կեղծ գրառումներ այն մասին, որ Ռաֆայել Կարապետյանն ավարտել է «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցը», իսկ այնուհետև 2011թ. նոյեմբեր ամսին լրացված կեղծ ատեստատն իրացրել է Ռաֆայել Կարապետյանին։

 

 

Այսպիսով՝ Հակոբ Խրիմյանը միջնորդի միջոցով ապօրինաբար պահանջել և ստացել է առևտրային կաշառք՝ կաշառք տվողի ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու համար, իր լիազորություններն օգտագործել է դպրոցի շահերին հակառակ և ուրիշ անձի օգտին, չարաշահելով իր լիազորությունները՝ պետության իրավունքներին ու օրինական շահերին պատճառել է էական վնաս, ինչպես նաև նախնական համաձայնությամբ օգտագործելու նպատակով իրացրել է իրավունք վերապահող, ակնհայտ կեղծ փաստաթուղթ:

 

 

Աննա Թամազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի «Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 հիմնական» դպրոցի փոխտնօրեն, անպօրինաբար առևտրային կաշառք է տվել Հակոբ Խրիմյանին և այդ կերպ օժանդակել վերջինիս՝ իր ներկայացրած անձին՝ Ռուբեն Ավագյանին ատեստատ տալու համար, նախնական համաձայնությամբ կեղծ գրառումներ է կատարել ատեստատի մեջ և օգտագործելու նպատակով այն փոխանցեյ է Ռուբեն Ավագյանին:

 

 

Ռաֆայել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանգուցյալ հոր՝ Հրայր Կարապետյանի հետ դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի թիվ 97 ավագ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Վարդգեսի Խրիմյանին՝ ԱՄՆ-ի դեսպանատուն ներկայացնելու նպատակով իր անվամբ լրացված կեղծ ատեստատ ստանալու հարցով։ Իրավունք վերապահող, ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող ատեստատը տալու դիմաց Հակոբ Խրիմյանի պահանջով վերջինիս աշխատավայրում Հրայր Կարապետյանը ապօրինաբար 2011թ. օգոստոսի վերջերին նրան է տվել 256.606 ՀՀ դրամին համարժեք 700 դոլար առևտրային կաշառք։ Դրանից հետո, 2011թ. նոյեմբեր ամսին Ռաֆայել Կարապետյանը Հակոբ Խրիմյանի աշխատասենյակում վերջինիցս վերցրել է ակնհայտ կեղծ, իրավունք վերապահող «Երևանի Ռաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ» դպրոցի ԱԱ264837 համարի ատեստատը, որը Ռաֆայել Կարապետյանը 2012թ. հունվարի 26-ին օգտագործելով՝ ներկայացրել է ՀՀ-ում գործող ԱՄՆ-ի դեսպանատուն։

 

 

Ամբաստանյալ Հակոբ Խրիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ (առևտրային կաշառք), 214 հոդվածի 1-ին (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը), 325 հոդվածի 2-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մասերի հատկանիշներով:

 

 

Ամբաստանյալ Աննա Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 38-200 հոդվածի 1-ին (առևտրային կաշառքի հանցակցություն) և 325 հոդվածի 2-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մասերի հատկանիշներով:

 

 

Ամբաստանյալ Ռաֆայել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 325 հոդվածի 1-ին (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մասի հատկանիշներով:

 

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել