Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության առնելով թիվ ԱՐԴ/0098/01/12 քրեական գործը կայացրել է մեղադրական դատավճիռ:
Դատապարտյալ Կ. Բ.-ն (նախկինում չդատված) իրենց շենքի մոտ հանդիպել է մարմնավաճառությամբ զբաղվող իր ծանոթ Հ. Հ.-ին, որին նախկինում մի քանի անգամ դիտողություն է արել իրենց շենքի մոտ կանգելու և մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Վերջինիս կողմից իր պահանջը չկատարելը և նորից իրենց շենքի մոտ կանգնելը ցավագին ընդունելով, որոշել է պատժել նրան:
Իր այդ մտադրությունը իրագործելու նպատակով Հ. Հ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու պատրվակով իր ավտոմեքենայով տեղափոխել է վերջինիս ամայի տարածք` Էջմիածին Մարգարա խճուղու նախկին ավտոտեխսպասարկման կայանի հարակից դաշտ: Այնտեղ նախ ավտոմեքենայի մեջ սեռական հարաբերություն է ունեցել Հ.Հ.-ի հետ, ապա դուրս հանելով ավտոմեքենայից` սկսել է վիճաբանել նրա հետ: Այդ ընթացքում տուժողին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածներ է հասցրել նրա կենսական կարևոր օրգաններին, այդ թվում` կրծքավանդակի աջ կեսի շրջաններին, որտեղ կոտրվել է դանակը և շեղբը մնացել է մարմնի մեջ, այնուհետև քարերով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի գլխին և մարմնի տարբեր մասերին:
Իր հասցրած մահացու բազմաթիվ վնասվածների առկայության պայմաններում արնահոսության և արնաթաթախ վիճակում գտնվող Հ.Հ.-ին թողնելով դաշտում և նախատեսելով ու ցանկանալով նրա մահը` հեռացել է:
Սպանությունը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ Հ.Հ.-ն ուշքի է եկել որոշ ժամանակ անց, մոտեցել է մոտակա բնակավայր և օգնություն խնդրել:
Կ. Բ.-ի արարքը որակվել է որպես սպանության փորձ:
Ամբաստանյալի մեղքը հիմնավորվել է հետևյալ ապացույցներով` տուժողի ցուցմունքներով և դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, դանակի շեղբը ներկայացնելու, զննելու և վերցնելու մասին արձանագրությամբ, համաձայն որի` 24.03.2012թ. Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկը ներկայացրել է դանակի շեղբ և հայտարարել է, որ այն հանվել է Հ. Հ.-ի կրծքավանդակի հետին պատի աջ կեսում գտնվող վերքի միջից։
Դատարանը վճռել է ամբաստանյալ Կ. Բ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել ազատազրկման 8 (ութ) տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`Իրավաբան.net