Այսօր` հունվարի 9-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր խոշոր չափերի խարդախության և շորթման մեջ մեղադրվող Էդուարդ Մալինցյանի քրեական գործի քննությունը:
Բանն այն է, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. հունվարից մինչև հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում գոյություն չունեցող հորեղբոր պարտքը վերադարձնելու, դատավորին կաշառք տալու համար կալանավայրից ազատվելու պատրվակով և այլ մտացածին պատճառաբանություններով Քրիստինե Միքայելյանից ստացել է 1.068.500 ՀՀ դրամ, 40.000 ՀՀ դրամ արժողությամբ «նոկիա» մակնիշի բջջային հեռախոս և 1.138.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր` պատճառելով խոշոր չափի` 2.246.500 ՀՀ դրամի նյութական վնաս: 2011թ. հոկտեմբերի 19-ին և 2012թ. ապրիլի 4-ին Էդուարդ Մալիցյանը զանգահարել է Ք. Միքայելյանին` նրան և վերջինիս մանկահասակ որդու նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով շորթման եղանակով պահանջել և կրկին ստացել է 615.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր և 39.000 ՀՀ դրամ կանխիկ դրամ` պատճառելով խոշոր չափի` 654.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Նշենք, որ Է. Մալինցյանը իր զոհի հետ ծանոթացել է համացանցի միջոցով, մեկ տարուց ավելի փոխանակել լուսանկարներ և կանխավ հորինված փուջ խոստումներ:
Դատական նիստին ամբաստանյալի ներկայությունը չէր ապահովվել, քանի որ, համաձայն ոստիկանության դատարան ուղարկված գրության, ճանապարհների անանցանելիության պատճառով ամբաստանյալին դատարան ուղեկցել հնարավոր չի եղել:
Դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը, քանի որ սույն գործի քննությունը առանց ամբաստանյալի հնարավոր չէր: Հաջորդ դատական նիստ նշանակվեց հունվարի 18-ին ժամը 12:00-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net