Ինչո՞ւ ռուսները օղու դատարկ շիշը սեղանի վրա չեն թողնում

Ասում են, որ մի ժամանակ ռուսները Գերմանիայի սրճարաններում և ռեստորաններում խմիչք պատվիրելիս նկատել են, որ մատուցողը նախապես չի հաշվում` քանի շիշ խմիչք են պատվիրել, և միայն վերջում` հաշվելով սեղանին դրված խմիչքի դատարկ շշերը, ներկայացնում է հաշիվը:

Գերմանացիների վստահությունը չարաշահելով` ռուսները ոչ բոլոր դատարկ շշերն էին թողնում սեղանի վրա, որպեսզի ավելի քիչ վճարեին, քան պատվիրել են:

Այդտեղից էլ նրանց մոտ մինչև օրս դատարկ շիշը սեղանից վերցնելու սովորություն կա:

Ինչպես կորակվի նշված արարքը օրենքի տեսանկյունից:

Ինչպես գիտենք, քաղաքացիական օրենսդրությունը նախատեսում է գործարքների կնքման երկու ձև` գրավոր (հասարակ կամ նոտարական) և բանավոր:

«Գործարքը, որի համար օրենքով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձև, կարող է կնքվել բանավոր»,- Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

Իրավաբանի խոսքով` բանավոր կարող են կնքվել կնքման պահին կատարվող բոլոր գործարքները, բացառությամբ այն գործարքների, որոնց համար սահմանված է նոտարական ձև, և այն գործարքների, որոնց հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:

Սրճարանում, ռեստորանում կամ նմանատիպ այլ վայրերում սնունդ կամ խմիչք պատվիրելիս և գնելիս փաստորեն յուրաքանչյուր անգամ կատարում ենք բանավոր գործարք: Քաղաքացիական օրենսդրությամբ միաժամանակ սահմանված է, որ գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:

Բանավոր գործարքի հիման վրա ևս գնորդը / ապրանքներ պատվիրողը պարտավորվում է վճարել վաճառողի կողմից մատնանշված գինը:

Տվյալ դեպքում, ստացվում է, որ ռուսները խաբեությամբ խուսափում էին կատարել գործարքը, այն է` վճարել իրենց կողմից պատվիրված խմիչքի համար:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել