Այսօր՝ ապրիլի 3-ին տեղի է ունեցավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար հանձնաժողովի երկրորդ նիստը:
Նիստին ներկա էին ծրագրային կոնսորցիումի անդամները, ծրագրի ղեկավար հանձնաժողովի անդամները, ծրագրի ղեկավար հանձնաժողովի դիտորդները` ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհառու կոալիցիաների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության/համագործակցության պաշտոնյա Պաուլիոս Ստրելսիունասը։
«Ինձ համար պատիվ է այսօր այստեղ ներկայացնել ԵՄ-ն և անմիջապես ծրագրի պատվիրակներից լսել ծրագրի մասին։ Հակիրճ կնշեմ, որ ծրագրի ղեկավար հանձնաժողովի այս հանդիպումը մեզ համար երեք նպատակ է հետապնդում։ Առաջինը իմանալ թե ի՞նչ է արվել նախորդ ամիսների ընթացքում։ Երկրորդը, որը շատ կարևոր է, լսել, թե որո՞նք են հիմնական մարտահրավերները, հիմնական խնդիրները, որոնց պետք անդրադառնալ մինչև ծրագրի ավարտը: Եվ երրորդ, նույնպես կարևոր նպատակն է, հաջորդ վեց ամիսների ընթացքում առաջ ընթանալը, քանի որ չնայած այն հանգամանքին, որ ծրագրի ավարտին քիչ ժամանակ է մնացել, սակայն գործողությունների առումով դեռ որոշ գործեր կան անելու»,-ողջույնի իր խոսքում ասաց Պաուլիոս Ստրելսիունասը։
Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիայի հիմնադիր խորհրդի անդամ Հակոբ Ավագյանը նշեց, որ նման ձևաչափով հավաքը թվով երկրորդն է: «Այսօր մենք պետք է ամփոփենք, թե այս պահի դրությամբ ինչ արդյունքներ ենք գրանցել, պետք է հարցուպատասխանի միջոցով հասկանալ չճշտված տեղեկությունները, եթե հարկ կա՝ որոշ փոփոխություններ անել և ամրագրել մեր հաջորդ նիստի օրը»,-ասաց Հակոբ Ավագյանը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ մասնակցության համար՝ ընդգծելով ղեկավար կոմիտեի նիստի կարևորությունը: «Մենք այսօր կամփոփենք, թե սեպտեմբերից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ինչ արդյունքներ ենք գրանցել, կնշենք խնդիրները, ինչպես նաև կներկայացնենք, թե ծրագրի վերջին 6 ամիսներին իրականացնելու համար ինչ գործողություններ է նախատեսված»,-նշեց Կարեն Զադոյանը:
Նա ներկայացրեց ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները՝ նշելով, որ այն մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին, տևելու է 34 ամիս, ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 2 միլիոն 222 հազար եվրո, որից 2 միլիոն եվրոն ֆինանսավորվելու է Եվրամիության կողմից։
Կարեն Զադոյանը նշեց, որ ծրագրի շրջանակում 9 ենթադրամաշնորհներ են տրամադրվել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոալիցիաներին՝ կարողությունների զարգացման նպատակով, յուրաքանչյուրը մինչև 8.5 միլիոն դրամ արժողությամբ: Բացի սրանից ևս 29 ենթադրամաշնորհ է տրամադրվել ՔՀԿ-ների ինկուբատորների անդամ քաղհասարակության կազմակերպություններին, յուրաքանչյուրը մինչև 5.5 միլիոն դրամ արժողությամբ:
Նա ներկայացրեց նաև ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրությունները, վերլուծությունները, ներկայացված առաջարկությունները՝ տարբեր պատկան մարմիններին, մի քանի ձևաչափով անցկացված հանդիպում-քննարկումները, ոլորտային ձեռքբերումները և այլն:
Հանդիպման մասնակիցները հարցուպատասխանի միջոցով քննարկեցին իրենց հուզող հարցերն ու ներկայացրին առաջարկները։ Ներկաների կողմից բարձրացված հարցերից մեկը վերաբերում էր նախարարությունների հետ աշխատանքի դժվարությանը: Նրանք նշեցին, որ խնդիրը կայանում է նրանում, որ մինչ ՔՀԿ-նչեը մշակում են ծրագիր, համաձայնություն ձեռք բերում որևէ պաշտոնյայի հետ ու սկսում այն իրականացնել, պաշտոնյան դուրս է գալիս աշխատանքից և կազմակերպությունները ստիպված են լինում իրենց աշխատանքը սկսել 0-ից: Ներկաների խոսքով, սա լուրջ խնդիր է, քանի որ ամեն փոխվող պաշտոնյայի հետ փոփոխվում է նաև նախարարության որդեգրած խնդիրների առաջնայնությունը:
Ի պատասխան բարձրացված հարցերին, Պաուլիոս Ստրելսիունասը նշեց, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը մեծ ծրագիր է և շատ հարցեր կան, որոնք ԵՄ-ին միշտ չէ, որ հայտնի են ու հենց նման հանդիպումների ընթացքում ենք դրանց մասին տեղեկանում: «Կառավարության հետ մեր հանդիպումների ժամանակ, երբ մեզ սովորաբար վերջին զարգացումների վերաբերյալ տեղեկություններ են ներկայացնում, մենք աշխատում ենք նաև ապացույցներ ստանալ տեղերից (դաշտից) և այս փաստացի ապացույցները մենք հենց ձեզնից՝ դաշտային աշխատողներից ենք ստանում։ Կարող ենք ձեզ հավաստիացնել, որ այն ամենը, ինչ-որ այստեղ նշվեց, ձեր բոլոր մտահոգությունները, խնդիրները և ռազմավարությունները ԵՄ-ն հաշվի կառնի։ Մենք հավաստիացնում ենք, որ ձեր բարձրաձայնած բոլոր հարցերը կհասնեն վելի բարձր մակարդակներին մինչև Բրյուսել»,-ասաց Պաուլիոս Ստրելսիունասը:
Նա նշեց, որ ԵՄ-ն ունի լծակներ՝ կառավարությանը այդ խնդիրների մասին հիշեցնելու համար, որպեսզի նրանք հաշվի առնեն այս ամենը, երբ քաղաքական երկխոսություն է վարվում ու նոր ծրագրեր են նախատեսվում:
Հավելենք, որ ծրագրի ղեկավար հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերի 10-ին:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։