Իտալացիները Նոր տարվա գիշերը հին իրերը նետում են պատուհանից

Իտալիայում գոյություն ունի ավանդույթ, ըստ որի` Նոր տարվա գիշերը բոլորը պատուհանից դուրս են նետում հին կահույքն ու իրերը: Ասում են, ինչքան շատ հին և անպետք իր նետես, այնքան ավելի հարուստ կլինես նոր տարում:

 

Մի պահ պատկերացնենք, որ նման ավանդույթ է գործում նաև Հայաստանում:

 

Եթե մարդիկ Երևանում սկսեն կահույք և այլ իրեր նետել պատուհաններից, և դրանք պատահմամբ դիպչեն փողոցով քայլող անցորդին և վնաս պատճառեն, արդյո՞ք դրա համար առաջանալու է պատասխանատվություն և եթե այո, ապա ի՞նչ:

 

ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է. «Անզգուշությամբ կատարված արարքը հանցագործություն է, եթե դա հատկապես նախատեսված է քրեական օրենսգրքի Հատուկ մասով»:

 

ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի 120-րդ հոդվածը սահմանում է. «Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

 

Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

 

Նույն օրենսգրքի 121 հոդվածը սահմանում է. «Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

 

Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

 

Ինչպես տեսնում ենք, ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու համար, և այս պարագայում էական չէ, թե ինչ կերպ է այդ վնասը պատճառվել:

 

Հ.Գ. Մնում է միայն հուսալ, որ իտալացիները չեն տուժում նման ավանդույթից:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել