Վարչական շրջանի քննչական բաժնում փաստացի աշխատել է 8 քննիչ, քննվել է 504 քրեական գործ՝ նախորդ տարվա 430 քրեական գործի դիմաց. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այցելել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին՝ բաժնի կողմից 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Արման Նահապետյանը ներկայացրել է 2018 թվականի ընթացքում քննչական բաժնի կողմից կատարված աշխատանքները:

Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում փաստացի աշխատել է 8 քննիչ, քննվել է 504 քրեական գործ՝ նախորդ տարվա 430 քրեական գործի դիմաց, քննիչի ծանրաբեռնվածությունը կազմել է 63 քրեական գործ:

Հաշվետու ժամանակահատվածում քննչական բաժնի վարույթում քննված քրեական գործերի քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 17.68%-ով, ինչը պայմանավորված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճով: Մտահոգիչ է նաև բնակարանային գողությունների ցուցանիշը, որը նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել է (65%-ով, 2017թ. 23 քրեական գործ, 2018թ. 66 գործ):

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ոլորտ առ ոլորտ քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը, ինչպես նաև տվել հանձնարարականներ՝ քրեական գործերի նախաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու, նախաքննության որակի բարձրացման, քննության օպերատիվության վերաբերյալ:

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը քննչական բաժնի անձնակազմին հորդորել է քաղաքացիների հետ շփումներում դրսևորել սրտացավ և կոռեկտ վարքագիծ:

«Քաղաքացին, ի դեմս ձեզ, տեսնում է պետություն և ձեր կողմից յուրաքանչյուր ոչ կոռեկտ վարքագիծ նույնացվում է համակարգի և պետության հետ: Դուք պետք է պատշաճ վերաբերմունք ցուցաբերեք յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններից տուժող քաղաքացիներին կամ նրանց իրավահաջորդներին պետք է ընդունեն ստորաբաժանման ղեկավարները»,- շեշտել է ՔԿ նախագահը:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը դրական է գնահատել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի կատարած աշխատանքը, միևնույն ժամանակ շեշտել, որ հարկավոր է ոչ միայն պահպանել, այլ նաև ավելացնել աշխատանքի ինտենսիվությունը:

«Քննիչը պետք է ունենա սպայի հոգեբանություն, պետք է լինի պարկեշտ, ազնիվ և պատրաստակամ»,- ասել է ՔԿ նախագահը՝ հանձնարարելով բաժնի պետին ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել