Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը:
Ի սկզբանե, 2004թ.-ին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում:
2017թ. հողամասը ձեռք է բերել «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն, որը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու և տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով: Ներկա պահին ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են համաձայն նախագծի և 08.02.2019թ.-ին տրամադրված քանդման թույլտվության հիման վրա: Ի դեպ, ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը: Հարկ է նշել, որ տասնյակ տարիների ընթացքում տեղումների հետևանքով շենքի ճակատային հատվածը խարխլվել է:
Կից ներկայացվում են բիզնես կենտրոնի էսքիզային երկու տարբերակները:

