Դեկտեմբերի 13-ին աշխատանքից ազատվել են Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության 3 դատական բաժնի պետերը՝ Հայցապահանջագրային և գանձումների սպասարկման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Նելսոն Աբովյանը, Պետության դեմ դատական պահանջների պաշտպանության բաժնի պետ Եղիշե Բազոյանը, Վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի պետ Ռուզաննա Ազրոյանը:
Իրավաբան.net-ի տեղեկություններով՝ նրանց գործից ազատելը պատճառաբանել են այն հանգամանքով, որ վարչությունում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ՝ 3 դատական բաժինները միավորվել են և հետայսու լինելու է մեկ դատական բաժին, մեկ բաժնի պետով և տեղակալով: Իրավաբանական վարչության պետ Արամ Պետրոսյանը Նելսոն Աբովյանին, Ռուզաննա Ազրոյանին և Եղիշե Բազոյանին առաջարկել է ավելի ցածր պաշտոն նոր կազմավորվող դատական բաժնում: Վերջիններս, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, հրաժարվել են, քանի որ մինչ գործից ազատվելն էլ Արամ Պետրոսյանի և բաժնի երեք պետերի ջուրը մեկ առվով չի հոսել:
Իրավաբան.net-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նորաստեղծ դատական բաժնի պետ, վարչության պետի տեղեկալ է նշանակվել Փաստաթղթերի տեսչության բաժնի պետ Արմեն Հարությունյանը: Նա 6 ամիս է, ինչ աշխատում է ՖՆ-ում, նախկին նոտար է, անցնում է Սևան Ազգային պարկի հետ կապված քրեական գործով:
Նյութի վերաբերյալ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net