Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։
Արա Մինասյանը պահանջ է ներկայացրել, որպեսզի Արսեն Թորոսյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի և հերքի զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները։
Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ նշված գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նշեց, որ 2018 թվականի հուլիսի 27-ին Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթեր է մտել և հայցվորի վերաբերյալ որոշակի հրապարակային արտահայտություններ է կատարել, այն վերնագրել է այսպես. «Տուշոնկեքի մասին»:
-«…Մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումները այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքն, մենք մինչև հիմա ստանում են հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու վերաբերյալ…»,
-«…Մինչև հիմա չի դադարում այդ թալանը կամ, այսպես ասած՝ վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Հիմնական բաժինը, 400 միլիոնից ավել, հիմա ասեմ կոնկրետ թիվը, 400 քանի միլիոն, մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ, մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել: Վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում և 200 հազար դրամի բուժում են ստացել…»,
-«…8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունակ…»,
-«…հետո այդ գումարներով կատարվում են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից, տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացել ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց, հիմնականում միշտ նույն մարդկանց…»,
-«…Տարիներ շարունակ բժիշկները աշխատավարձ չեն ստացել նորմալ…»,
-«…Նորից կրկնում եմ, 8000 դրամ հետազոտության փոխարեն 400 միլիոն գանձվել է, ամեն մեկի համար 150-200 հազար դրամ, ձևակերպվել են հիվանդության պատմություններ…»,
-«…99 տոկոսով համոզված եմ, որ այստեղ կան քրեական տարրեր, որ այդ գումարները փաստացի շորթվել են պետությունից, բացի այդ…»:
Դատարանը սկզբում հարցրեց կողմերին, թե արդյոք հաշտության գալու որևէ տարբերակ գտել են, թե՝ ոչ: Կողմերն էլ հայտարարեցին, որ հաշտության որևէ եզրեր չեն գտնվել:
Նշենք, որ այսօր գործով որպես 3-րդ անձ է ներգրավվել նաև «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ներկայացուցիչ Մարի Ստեփանյանը:
Արա Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը ներկայացրեց հայցադիմումի իրավական հիմքերը և նշեց, որ այս դեպքում Արսեն Թորոսյանի կողմից արված արտահայտությունները արվել են համացանցի միջոցով և այն կարող է համարժեք համարվել զանգվածային լրատվության միջոցով արված արտահայտությանը:
Նշված տեսակետի հետ համաձայն չէր պատասխանող կողմի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը: Նա նշեց, որ հայցադիմումի մեջ վկայակոչվել են ՄԻԵԴ-ի մի քանի նախադեպային որոշումներ, որոնք նույնական չեն այս գործին, քանի որ դրանք վերաբերում են ԶԼՄ-ներին, իսկ «այս հարաբերությունները այլ հարաբերություններ են»:
«Բայց ես չեմ ուզում մտնել այդ շրջանակի մեջ: Մեր շեշտադրումը ավելի շատ դրված է նրա վրա, որ իմ վստահորդն, առհասարակ, Արա Մինասյանի վերաբերյալ որևէ բան չի ասել, ուստի սա ավելի նվազ է այն ամենից, ինչը մենք ասում ենք: Մենք այս նախադեպերին այդքան կարևորություն չենք տալիս, քանի որ առաջնային է այն, որ իմ հարգարժան կոլեգան պետք է ապացուցի, որ այս արտահայտությունները ուղղված են եղել հենց իր վստահորդին»,-նշեց Գևորգ Գյոզալյանը:
Վահագն Գրիգորյանը դատարանում հայտնեց, որ ԶԼՄ-ների վերաբերյալ ներկայացված ՄԻԵԴ նախադեպային որոշումների կարևորությունն այն է, որ նույնիսկ լրագրողները, որոնց նկատմամբ ավելի «մեղմ» վերաբերմունքի կողմնակից է ՄԻԵԴ-ը, նշված նախադեպային որոշումներում արձանագրել է, որ նույնիսկ նրանք նախապես պարտավոր են ստուգել փաստերը:
«Տվյալ դեպքում մենք գործ ունենք պաշտոնատար անձի հետ, ում հրապարակային խոսքը սահմանափակված է, նա չունի հանրությանը տեղեկատվություն հաղորդելու ֆունկցիա, նրա համար խոսքի ազատության ոլորտում տրված են ավելի մեծ սահմանափակումներ»,-նշեց Վահագն Գրիգորյանը:
Այնուհետև, հայցվոր կողմը ներկայացրեց հայցադիմումում ներկայացված փաստերը:
Նա նշեց, որ վիրավորանքի մասով կարևոր են հետևյալ փաստերը.
- Արված արտահայտություններն ունեն արատավորող բնույթ,
- Առկա է դիտավորություն պատասխանողի կողմից՝ հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու նպատակ,
- Արտահայտությունների հրապարակային բնույթը:
Հայցվոր կողմի ներկայացուցիչը առանձնացրեց նաև զրպարտության մասով կարևոր հանգամանքերը.
- Հայցադիմումում նշված բոլոր տվյալները փաստացի են,
- Դրանք ներկայացվել են հրապարակային,
- Դրանք չեն համապատասխանում իրականությանը,
- Դրանք հայցվորի համար ունեն արատավորող բնույթ:
Վահագն Գրիգորյանը նշեց, որ գործում էական նշանակություն ունի, թե արդյոք այդ տեղեկատվությունը հասարակության համար անհրաժեշտ է եղել և արդո՞ք հանրային շահից էր բխում Արսեն Թորոսյանի կողմից արտահայտությունների կատարումը:
«ՄԻԵԴ-ը տարանջատում է հանրային հետաքրքրությունը և հանրային շահը: Կարևոր է նաև, թե արդյո՞ք Արսեն Թորոսյանը նախապես միջոցներ էր ձեռնարկել նշված տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը ստուգելու համար, թե՝ ոչ: Կարևոր է նաև տվյալների հավասարակշռված և բարեխղճորեն ներկայացված լինելու հանգամանքը: Իսկ հայցվոր կողմը պետք է հիմնավորի, որ նա հանդիսացել է Արսեն Թորոսյանի կողմից կատարված արտահայտությունների թիրախը»,-նշեց Արա Մինասյանի ներկայացուցիչը:
Գևորգ Գյոզալյանը խնդրեց մինչև հայցվոր կողմի հարցադրումներին պատասխանելը մի քանի հարց ուղղել որպես 3-րդ անձ ներգրավված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ներկայացուցիչ Մարի Ստեփանյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 3-րդ անձն իր դիրքորոշումը չի հայտնել, և փաստաբանը գտնում է, որ այստեղ զրպարտության մասին խոսք լինել չի կարող:
Դատարանը թույլատրեց պատասխանողին հարցեր ուղղել: Հարցերը վերաբերում էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գործառույթների բաշխմանը:
«Որպես զրպարտանք հայցվոր կողմը տեսել է այդ հաշվետվությունների վերաբերյալ Արսեն Թորոսյանի կողմից արված արտահայտությունները և հարցս հետևյալն է. ովքե՞ր են կազմում այդ հաշվետվությունները բժշկական կենտորոնում»,-ի պատասխան Գյոզալյանի հարցադրմանը 3-րդ անձի ներկաայցուցիչ Մարի Ստեփանյանը հայտնեց, որ դրանով զբաղվում է ԲԿ-ի պետպատվերի ձևակերպումների բաժինը. «Պետպատվերի ձևակերպումների բաժինը կազմում է հաշվետվությունները, որից հետո արդեն հաշվապահական համապատասխան ձևակերպումները իրականացվում են հաշվապահության կողմից: Ենթադրում եմ նաև, որ ֆինանսական տնօրինությունը որոշակի մասնակցություն ունի այդ գործընթացում»:
Հարցին, թե Արա Միանսյանը, որպես ԲԿ-ի տնօրենը, որևէ կապ ունի այդ գործընթացի հետ, թե՝ ոչ, Մարի Ստեփանյանը պատասխանեց, որ չունի:
«…8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունակ…»,-հատված հայցադիմումից:
Անդրադառնալով հայցադիմումում առկա այդ հատվածին Գյոզալյանը հարցրեց. «Տնօրենը որևէ կապ ո՞ւնի գանձումներ կատարելու հետ»,-որին ի պատասխան Մարի Ստեփանյանը նշեց, որ գանձումները տնօրենի կողմից չեն իրականացվում:
«…հետո այդ գումարներով կատարվում են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից, տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացել ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց, հիմնականում միշտ նույն մարդկանց…»,-արտահայտությանն էր վերաբերում Գյոզալյանի հաջորդ հարցը. «Ո՞վ է կատարում այդ գնումները»:
Մարի Ստեփանյանը պատասխանեց, որ ԲԿ-ում գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքի համաձայն և գնումների համակարգողի կողմից ու վերահսկողությունը կատարվում է ֆինանսական տնօրինության կողմից:
««…Ձևակերպվել են հիվանդության պատմություններ…», այս մասով, ո՞ վ է ձևակերպում այդ հիվանդության պատմությունները»,-հարցրեց Գյոզալյանը:
Մարի Ստեփանյանը նշեց, որ դրանք բժշկական փաստաթղթեր են և կազմվում են պետպատվերի ձևակերպումների բաժնում, և հնարավոր չէ, որ այդ ձևակերպումները իրականացնի տնօրենը:
«Միանշանակ, այսպիսի պատասխաներ էի ենթադրում: Իմ առարկությունները դրանց հետ են կապված: Ես այս հարցերը հնչեցրեցի, որովհետև ես հիմա կխոսեմ զրպարտության մասին: Այստեղ զրպարտության հետ կապված որևէ իրավահարաբերություն չկա»,- նշեց Գյոզալյանը՝ հավելելով, որ եթե զրպարտության կողմ կարող էր լիներ ինչ-որ մեկը, ապա դա 3-րդ անձն է,- Բացահայտեմ նաև իմ մարտավարության մի փոքր մասը: Չեմ ուզում այնպիսի տպավորություն ստեղծվի, որ ես որոշակի համաձայնության եմ եկել 3-րդ անձի հետ: Բայց ես գիտեմ, որ 3-րդ անձը բաց է թողել այդ ժամկետը, եթե, իհարկե, թույլ տանք, որ զրպարտություն կա»:
Վահագն Գրիգորյանը սակայն նշեց, որ նա դատաքննության փուլում կապացուցի, որ իր վստահորդի թիրախավորում առկա է: Նա ներկայացրեց իր գրավոր ապացույցները:
Ապացույցների վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու և Արա Մինասյանին դատարան հրավիրելու մասով գրավոր միջնորդություն ներկայացնելու համար Գևորգ Գյոզալյանը խնդրեց նշանակել ևս մեկ նախնական նիստ և իրեն ժամանակ տրամադրել:
Վահագն Գրիգորյանն առարկեց ևս մեկ նախնական նիստ նշանակելու և Արա Մինասյանին դատարան հրավիրելու դեմ: Նա նշեց, որ նման միջնորդություն չի կարող բավարարվել, քանի որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կողմի միջնորդությամբ միայն կարող է առաջարկել, որպեսզի գործին մասնակցող անձը ցուցմունք տա գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ:
«Եթե խոսքը վերաբերում է առաջարկին, ապա ես ի սկզբանե ասեմ, որ առաջարկը չի ընդունվում: Ես ի սկզբանե հայտնում եմ, որ նման առաջարկ լինելու դեպքում ես չեմ ընդունելու այդ առաջարկը որպես իմ վստահորդի ներկայացուցիչ և իմ վստահորդը չի ներկայանալու որպես վկա»,-նշեց նա:
Գևորգ Գյոզալյանը սակայն նշեց, որ միջնորդությունը ներկայացնելու ժամանակ նա կներկայացնի այն ծանրակշիռ փաստերը, որոնց ապացուցումը հնարավոր կլինի, եթե Արա Մինասյանը ներկայանա դատարան:
Դատարանը որոշեց ևս մեկ նախնական դատական նիստ նշանակել մարտի 4-ին:
Եվգենյա Համբարձումյան