Վերջին օրերին քննարկման առարկա է դարձել տարբեր պաշտոնյաների կողմից աշխատողներին տրամադրված պարգևատրումները։ Քննարկման առարկա է դարձել նաև պարգևատրումների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը։
Իրավաբան.net-ի հետ զրույցում Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ իրականում, խոսելով այս տեղեկությունների հրապարակման իրավաչափության մասին, պետք է պարզել այն անձանց շրջանակը, ովքեր ստացել են հիշյալ պարգևատրումները, և ապա քննարկել այն հրապարակելու կամ չհրապարակելու հարցի իրավաչափությունը։
««Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, և տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի։
Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն՝ «հանրամատչելի անձնական տվյալներ են համարվում այն տեղեկություններ, որոնք տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ իր անձնական տվյալները հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար, ինչպես նաև այն տեղեկությունները, որոնք օրենքով նախատեսված են որպես հանրամատչելի տեղեկություններ»,-նշեց փաստաբանը:
Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «Սույն օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձինք են պետական պաշտոն զբաղեցնող անձինք, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք, արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, զինվորական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանության, հարկային, մաքսային, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք»:
«Օրենքի մեկ այլ կարգավորման համաձայն՝ վերոթվարկված անձինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր: Հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրեր։
Շարունակելով նշեմ, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն գույքի հայտարարագիրը ներառում է հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող` դրամական միջոցները (այդ թվում՝ բանկում ունեցած)։ Գույքը հայտարարագրելիս նշվում են՝ դրամական միջոցի դեպքում՝ դրամական միջոցի չափը, արժույթը։
Այնուհետև, նույն օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարագիրը ներառում է սույն հոդվածով սահմանված եկամուտները և դրանց ստացման աղբյուրները։ Հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված հետևյալ եկամուտները.
1)աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները»,-ասաց նա։
Ի պատասխան մեր այն հարցին, թե արդյո՞ք պարգևատրումը հանդիսանում է աշխատավարձին հավասարեցված այլ վճարում, Սյուզաննա Սողոմոնյանը նշեց. «Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի՝ աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմացտրված լրացուցիչ աշխատավարձը: Իր հերթին լրացուցիչ աշխատավարձը աշխատանքային օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով, գործատուի իրավական ակտով սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումներն են»:
Այսպիսով, եթե պարզվում է, որ պետական (օրինակ՝ նախարարություններ, մարզպետարաններ) և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (օրինակ՝ Երևանի քաղաքապետարան) պարգևատրումներ ստացել են այն անձինք, ովքեր ՀՀ օրենսդրության համաձայն հանդիսանում են հայտարարատու անձ, ապա հիշալ մարմինները կարող են հրապարակել այդ տվյալները։
Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով, հակառակ դեպքում, վաղ թե ուշ, հիշյալ տվյալները հրապարակվելու են հենց պարգևատրում ստացած անձանց կողմից՝ իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերի շրջանակներում։ Նաև նշեմ, որ այս պարագայում կիրառելի չէ աշխատանքային օրենքի 134-րդ հովածի 1-ին կետը, ըստ որի, աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս գործատուն պարտավոր է աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության, քանի որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը սահմանում է բացառություն։